29 11 2018

ՀՔԾ պետը հող է նախապատրաստում Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու համար. Լևոն Բաղդասարյան. NEWS.am

ՀՔԾ պետը հող է նախապատրաստում Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու համար. Լևոն Բաղդասարյան. NEWS.am

Հատուկ քննչական ծառայության պետը Մանվել Գրիգորյանի անշարժ գույքերի վերաբերյալ հայտարարությամբ հող է նախապատրաստում նրան կալանքի տակ պահելու համար։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

 Նշենք, որ նոյեմբերի 28-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերված անշարժ գույքերի վերաբերյալ փաստաթղթերի  մի մասը ձեռք է բերվել խախտումներով։ ՀՔԾ պետը նշել է, որ արդեն իսկ դիմել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին, որ 40 անուն անշարժ գույքը վերադարձվի համայնքին։

Լևոն Բաղդասարյանը ոչ իրավաչափ գնահատեց ՀՔԾ պետի այս հայտարարությունը, նշելով, որ նա մեկ անգամ  ևս չարաշահել է իր լիազորությունները ՝ ցուցում տալով պետական այլ լիազոր մարմնի։

Անդրադառնալով  ՀՔԾ պետի այն հայտարարությանը, թե քրեական գործով ֆինանսական խախտումները կազմում են 1 մլրդ դրամ, Բաղդասարանը նկատեց, որ «դա նկարած թիվ է»։

Նա նշեց, որ ֆինանսական ստուգումների եզրակացության մեջ նման մասշտաբի խախտումներ չեն արձանագրվել։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, որ գեներալ Մանվել Գրիգորյանի գործով կատարվել է 200-ից ավելի հարցաքննություն և 70-ից ավելի խուզարկություն։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ