25 03 2019

Վալերի Օսիպյանը հանձնարարել է բարձրացնել բացահայտումների արդյունավետությունը



Մարտի 23-ին ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, օպերատիվ ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների պետեր, կենտրոնական ապարատի ղեկավար կազմն ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները:Անդրադառնալով ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովման հարցին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորել է խնդրի համալիր լուծման անհրաժեշտությունը՝ այն դիտարկելով խրախուսման համակարգերի միջոցով աշխատանքային և կատարողական կարգապահության ամրապնդման և ծառայողական պարտականությունների լիարժեք իրականացման համատեքստում:

Ոստիկանության պետը, հասարակական կարգի պահպանման և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում ընդծելով արտաքին ծառայությունների աշխատանքը, նշել է, որ այս բնագավառում անհրաժեշտ է ապահովել ծառայողների պրոֆեսիոնալ ու հաղորդակցական որակների շարունակական կատարելագործում, ինչի գրավականը կանոնավոր ու պարբերական գործնական պարապմունքներն ու տեսական գիտելիքների կիրառմամբ ծառայության արդյունավետության հետագա բարձրացումն է:

Վալերիյ Օսիպյանը նիստի մասնակիցների հետ քննարկել է նաև օպերատիվ ծառայությունների գործունեության արդյունքներն ու հանձնարարել միջոցներ ձեռնարկել բացահայտումների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ օպերատիվ իրավիճակի վերահսկելիությունն ապահովելու գործում շեշտադրում անելով կանխարգելման ու նախականխման աշխատանքների հետագա խթանման վրա:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցության ավարտին ըստ գործունեության ոլորտների կոնկրետ հրահանգներ ու հանձնարարականներ է տվել մասնակիցներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ