ԲԴԽ-ն կոչ է անում զերծ մնալ դատավորներին վիրավորելուց․ Հայտարարություն
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հաշվի առնելով այն, որ սոցիալական ցանցերում և որոշ մամուլի միջոցներում տեղ են գտնում դատավորների վերաբերյալ հնչեցվող վիրավորական արտահայտությունները, որոնք որոշ դեպքերում վեր են ածվում հայհոյանքների,
- Նկատի ունենալով, որ դատական համակարգի նկատմամբ անվստահության ու բացասական վերաբերմունքի առկա դրսևորումները ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր,
- Կարևորելով սուր քննադատության և ազատ կարծիք արտահայտելու հնարավորությունը ժողովրդավարական հասարակությունում,
- Միաժամանակ ընդգծելով, որ վիրավորական արտահայտությունները չեն նպաստում դատական համակարգի գործունեության բարելավմանն ուղված հանրային քննարկումների արդյունավետությանը,
Բարձրագույն դատական խորհուրդը՝
- Կոչ է անում բոլորին զերծ մնալ դատավորների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններից և նման արտահայտությունները տարածելուց,
- Հորդորում է իրավապահ մարմիններին շարունակել ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները՝ վիրավորական արտահայտությունների հեղինակներին բացահայտելու և օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար։
Բարձրագույն դատական խորհուրդն իր իրավասությունների սահմաններում շարունակելու է հետամուտ լինել խնդրին՝ բացառելու համար դատավորների հասցեին հնչող ցանկացած վիրավորական արտահայտություն, միաժամանակ շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ ապահովելու համար դատական համակարգի վերափոխումը և առողջացումը, ինչը կնպաստի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության և հարգանքի ձևավորմանը և դրա ներկայացուցիչների վերաբերյալ վիրավորական արտահայտություններով կարծիք հայտնելու մերժմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը