07 02 2022

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարեց Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։

Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն է, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ է խախտել։ Հայտնի է, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով եւ չհեռանալու մասին ստորագրությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ