24 01 2025

Համընդհանուր հայտարարագրումը լրացուցիչ բեռ է աշխատող մարդու համար․ Էլեն Մանասերյան



 

Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումը դժգոհություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Ավելի քան 700 հազար մարդ մինչև մայիսի 1-ը պետք է ներկայացնի հայտարարագիր՝ մանրամասնելով վերջին մեկ տարվա ընթացքում իրենց հաշիվներին մուտքագրված գումարի չափը։ Որքանո՞վ են պատրաստ թե՛ պետական համակարգը, թե՛ քաղաքացիները այս նոր պահանջին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սա կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլ է։

Մեդիա կենտրոնում կայացած «Ի՞նչ խնդիր է իրականում լուծում համընդհանուր եկամտի հայտարարագիրը» թեմայով քննարկման ժամանակ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը հայտարարեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում. 

«Սա ցավոտ բեռ է աշխատող մարդու համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք բազմաթիվ աշխատող աղքատներ: Մարդը պետք է ունենա էլեկտրոնային ստորագրություն, ինչի համար պետք է վճարի 3000 դրամ, պիտի բջջային հեռախոսի մեջ համակարգն ակտիվացնելու համար քարտը փոխի, որն արժի մոտավորապես 500 դրամ, հետո կրկին պետք է վճարի այլ գումարներ: Անկախ նրանից՝ դա 1000 դրամ է, թե 10000 դրամ,աշխատողի համար լրացուցիչ բեռ է: Մարդը չէր նախատեսել իր ծախսերի մեջ այդ 1000 կամ 3000 դրամը: Եվ հաջորդը՝ մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պարզապես չեն տիրապետում այդ բազային գիտելիքներին, կայքերից օգտվելուն: Հիմա արդեն գովազդներ կան հաշվապահական ծառայությունների, որոնք 15000 դրամի դիմաց առաջարկում են հայտարարագրել քո եկամուտները: Այսինքն, մենք ցանկացած աշխատող մարդու վրա լրացուցիչ բեռ ենք դնում»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ