07 10 2022

Հ2-ին պարտվելուց հետո ՀՌՀ-ն մրցույթ է հայտարարել. հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն

Հ2-ին պարտվելուց հետո ՀՌՀ-ն մրցույթ է հայտարարել. հայտ է ներկայացրել 6 հեռուստաընկերություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում սթ հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրապարակվելու են hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման  հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը:

Հանձնաժողովից տեղեկացնում են՝ հայտերը հրապարակելու են հետևյալ ընկերությունները՝

1. «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ

2. «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ

3. «ՇԱՆԹ» ՍՊԸ

4. «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ

5. «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

6. «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:

Հիշեցնենք, որ դատարանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը՝ անվավեր ճանաչել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը:

Որոշումը վերաբերում էր հետևյալին. Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 4-ին ՀՌՀ հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը և նրանց տրամադրել է Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

Հայկական 2-րդ հեռուստաալիքը 2021թ հունվարին եթերազրկվել էր․ հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել, հունիսին էլ չէր հաղթել մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթում: Հ2-ը դիմել էր դատարան` ՀՌՀ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով: Վարչական եւ վարչական վերաքննիչ դատարաններում հեռուստաընկերության հայցը բավարարվել էր։ ՀՌՀ-ն եւս դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու Վերաքննիչ ատյանի վճիռը, սակայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ