Ջրային պարեկների ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես ուզում եմ, որ սա այսօրվանից արձանագրենք, նաեւ մեր հայրենակիցները արձանագրեն»,-ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ մրցույթ է հայտարարվել այդ ծառայության համար տեխնիկա ձեռք բերելու համար. «Մեր նպատակադրումն է ունենալ առափնյա ծառայության համար լավագույն տեխնիկան, բայց դա ձեռք բերելն ունի մի շարք խնդիրներ: Մենք մեր միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունենք, որպեսզի մոտորանավակներ ձեռք բերենք հենց առափնյա ծառայության համար նախատեսված: Հիմա խորհրդակցությունների մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ: Այս ընթացքում ՆԳՆ-ի կողմից սկուտերներ ձեռք կբերվեն եւ ջրային ոստիկանությունը մինչեւ մոտորանավակների ձեռք բերումը ծառայությունը կիրականացնի սկուտերներով»,-ասաց Փաշինյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը