14 12 2023

ՀՀ Կառավարությունը Վրաստանին կթույլատրի Հայաստանում ձեռք բերել հողամաս, շենք, շինություն

ՀՀ Կառավարությունը Վրաստանին կթույլատրի Հայաստանում ձեռք բերել հողամաս, շենք, շինություն

 ՀՀ Կառավարությունը Վրաստանին կթույլատրի Հայաստանում ձեռքբերել հողամաս, շենք, շինություն: Որոշման նախագիծը ներկայացված է կառավարության հաստատմանը: Հիմնավորման մեջ ասվում է.

« Հայաստանի և Վրաստանի միջև հաստատվել են ամուր և բարեկամական հարաբերություններ։ Առկա է բարձր մակարդակի համագործակցություն տնտեսության, հաղորդակցության, կրթության, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում։ Ներկայում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև գործում են փոխհարաբերություների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող շուրջ 120 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր, և արձանագրություններ: Վրաստանի հետ շփումների ընդլայնումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրում ամրագրված առաջնահերթություններից է: Վերջնական համաձայնեցման փուլում են գտնվում երկու երկրների հարաբերությունները նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ քննարկումները:Վրաստանին Հայաստանի Հանրապետությունում հողամաս, շենք, շինություններ ձեռք բերելու թույլտվություն տրամադրելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետևյալով.

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն` ՀՀ քաղաքացիներ Հայկուհի Գևորգի Հարությունյանին և Պերճ Ժորայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան Ծարավ աղբյուրի փողոց 127 հասցեում գտնվող բնակելի տունը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ