06 11 2024

Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել

Հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա` Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ավազակության հատկանիշներով: 40-ամյա տղամարդուն առաջադրվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։ Պարզվել է նաև մյուս մասնակիցների ինքնությունը։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ