06 12 2024

Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Հոմսից

Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Հոմսից

 Տասնյակ հազարավոր մարդիկ փախչում են Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաք Հոմսից՝ վախեցած ապստամբների մոտեցման մասին լուրերից:

Ահաբեկիչների համատեղ գործողությունների կենտրոնն ասում է, որ իր զինյալները Հոմս տանող ճանապարհին անցել են երկու քաղաքներով՝ Ռաստան և Թել Բիս, և այժմ գտնվում են քաղաքից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա:

Հինգշաբթի օրը հակաասադական կոալիցիայի զորքերը մտել են Համա քաղաք։ Անցյալ շաբաթ ապստամբները՝ իսլամիստների գլխավորությամբ, 2016 թվականից ի վեր առաջին անգամ գրավեցին Հալեպը։

Հոմսը ռազմավարական նշանակություն ունեցող քաղաք է, որը կապում է Դամասկոսը Միջերկրական ծովի ափին գտնվող` հիմնականում ալավիներով բնակեցված տարածքների հետ: Այս կրոնական փոքրամասնությունը միշտ համարվել է Ասադների ընտանիքի քաղաքական հենակետը։

Ալավիական փոքրամասնության վախեցած անդամները շտապում են հեռանալ Հոմսից, տեսագրություններում երևում է, որ քաղաքի ճանապարհները խցանված են մեքենաներով:

BBC-ն չի կարողացել ստուգել Հոմս ապստամբների առաջխաղացման մասին հաղորդագրությունները, սակայն Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) հաստատել է տեղեկությունը:

SOHR-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Ռաստանի կամուրջը՝ փորձելով դանդաղեցնել ապստամբների առաջխաղացումը:

Բացի այդ, ըստ SOHR-ի՝ ուրբաթ օրը սիրիական կառավարական զորքերն սկսել են լքել Հոմսն ապստամբների առաջխաղացման մասին տեղեկատվության պատճառով, սակայն երկրի պաշտպանության նախարարությունը հերքում է դա։

Սիրիայում ՌԴ դեսպանատունը ռուսաստանցիներին կոչ է արել կոմերցիոն թռիչքներով լքել հանրապետությունը գործող օդանավակայաններով իրավիճակի սրման պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը։

Հորդանանը փակել է իր միակ մարդատար և առևտրային սահմանը Սիրիայի հետ, ուրբաթ օրը հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ