27 01 2025

Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ․ Տեր Եսայի

Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ․ Տեր Եսայի

Դեռ 1921 թվականին Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի կողմից ապրիլի 24-ը սահմանվել է Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օր։ Այդ մասին MediaHub-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին Հայ Առաքելական եկեղեցին, ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի  քահանա Արթենյանը։

«Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցին պետական հատուկ որոշմամբ և հոգածությամբ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված Հայոց Ցեղասպանության հուշահամալիրը, ինչպես նաև աշխարհի տարբեր կողմերում վեր խոյացած հուշակոթողները Եղեռնի դատապարտման հարցում ազգային, պետական և եկեղեցական միահամուռ կամքի և վճականության համընդհանուր դրսևորում են։ Նվիրական այս օրը հուշակոթողների առջև ամենուր իր աղոթքն ու խոնարհումն է բերում մեր ժողովուրդը։ Իսկ 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության ընթացքում «վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց» նահատակված հայորդիների սրբադասման արարողությունը, որն ինքնին խոսուն վկայություն է  Հայոց Եկեղեցու դիրքորոշման։ 

Հայոց Ցեղասպանությունը ոճրագործություն է ոչ միայն մեր ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ»,֊ ասել է նա։ 

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է նաև՝  Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու  դատապարտումը հրամայական է՝ կանխելու համար աշխարհում նմանօրինակ եղեռնագործությունները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ