10 02 2025

Լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում. Բնակիչները փակել են ճանապարհը

Լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում. Բնակիչները փակել են ճանապարհը

Հաղթանակ թաղամասում, քաղաքացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում, որն, ըստ բնակիչների, այն է, որ չեն կարողանում իրացնել իրենց հողերը:

«Չենք կարողանում ձեռք բերել սեփականության վկայականներ և բնակիչները չեն կարողանում իրացնել իրենց սեփականության իրավունքը: Այսինքն, միայն կարողանում ենք մշակել, վաճառել, օտարել, նվիրատվություն անել չի լինում, պետք է վկայական տրվի: Պետք է սահմանների ճշտման գործողություն անի քաղաքապետարանն այդ հատվածում, սկսում է խնդիրներ առաջ քաշել, թե մարդկանց սեփականության թղթերի մեջ կան ջնջումների անճշտություններ, բայց չէ՞ որ դա քաղաքացու խնդիրը չէ»,- ասաց բնակիչներից մեկը:

Նրանք նշեցին, որ կաբինետային ոչ մի խոսակցություն այլևս քաղաքային իշխանության հետ չեն ուզում:

«Ես նույնիսկ հանդիպում եմ ունեցել ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Գալջյանի հետ: Պարո՛ն Գալջյան, լա՞վ եք, ես Դավթյան Գվիդոնն եմ՝ Հաղթանակ թաղամասից, Ձեզ հարցնում եմ՝ լա՞վ եք: Հաղթանակ թաղամասը Ձեզ ցույց կտա, որ Դուք սուտ եք խոսել, խաբել եք այս ժողովրդրին:

Ես եկա Ձեր կաբինետ, ասացիք՝ վարչության պետերի հետ  կհանդիպեք, կքննարկեք մեզ տեղյակ կպահեք, բայց ոնց հասկանում ենք,Դուք էլ եք սուտխոսան, որովհետև ես և Դուք պայմանավորվածություն ունենք, բայց Դուք ականջալուր չեղաք Հաղթանակ թաղամասցուն: Ես չէի եկել ինչ-որ մեկի տանիքը փոխելու համար, ես եկել էի ընդհանուր, բնակիչների անունից լիազորված Ձեզ խնդիր փոխանցելու:

Ձեզ էլ եմ հրավիրում Հաղթանակ թաղամաս, որ գաք այստեղ՝ բոլորին ասեք, ես ընդունել եմ Դավթյան Գվիդոնին, բայց չեմ արել իմ տված խոստումերը, ասել եմ՝ չեմ արել, ոնց որ ձեր կարգախոսն է՝ ասե՛ք՝ կանենք, ասում ենք, չենք անում: Եթե չեք կարողանում անել, եղբա՛յր, գնացեք, ով որ կարողանում է  անել, ինքը կգա կանի, ժողովուրդը կասի՝ ում կասի, ինքը կանի»,- ասաց մեկ այլ բնակիչ:

Կենտրոնացվել են մեծ թվով ոստիկանական ուժեր: Բնակիչները նշում են, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ