09 12 2024

Հայաստանում ի հայտ են գալիս նորանոր կոռուպցիոն դրսևորումներ․ Կոռուպցիայի դեմ պայքարի օրն է

Հայաստանում ի հայտ են գալիս նորանոր կոռուպցիոն դրսևորումներ․ Կոռուպցիայի դեմ պայքարի օրն է

 

Դեկտեմբերի 9-ը կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն։

Համաձայն կազմակերպության, Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն՝ Հայաստանը 2023 թվականին ստացել է 47 միավոր։ Նախորդ տարվա համեմատ այն արձանագրել է մեկ միավորի բարելավում վիճակագրական սխալի սահմաններում, ինչը 2018-19 թվականներին տեղի ունեցած թռիչքային աճի և ձևավորված ակնկալիքների համեմատ, ավելի շուտ, լճացում է և թերևս պայմանավորված է կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող բարեփոխումների անբավարար արդյունքներով։

Հայտարարության մեջ նշվում է նաև հակակոռուպցիոն ինստիտուտների աշխատանքի անարդյունավետության և շոշափելի արդյունքների անբավարարության մասին։

«2024 թվականի լրագրողական հետաքննությունները բացահայտել են պաշտոնատար անձանց կողմից շահերի բախման իրավիճակներում որոշումների կայացման, կուսակցության ֆինանսների ապօրինի հավաքագրման, գնումների գործընթացներում հնարավոր պայմանավորվածությունների, պետական բյուջեի չհիմնավորված ծախսերի և այլ բազմաթիվ խնդրահարույց դեպքեր։ Նշված դրսևորումների զգալի մասը տեղի է ունենում իշխող կուսակցության ներկայացուցիչների ներգրավմամբ, սակայն դրանք պատշաճ, առնվազն արագ ու տեսանելի ընթացք չեն ստացել համապատասխան մարմինների, այդ թվում՝ իրավապահ համակարգի կողմից։

Դեռևս մեղադրանք չի առաջադրվել Երևանի ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին մասնակցելուն գումարով շահագրգռելու մեջ ներգրավված անձանց։

Խիստ խնդրահարույց են տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ ստեղծված իրավիճակը և դրանց նկատմամբ անհասկանալի ու հակասական միջամտությունները, մասնավորապես՝ Գյումրիում կամ Վանաձորում։

Հարցեր են առաջացնում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ Ազգային ժողովի պատգամավորների հրաժարականների, ինչպես նաև այդ պաշտոնյաների անկախ որոշումների վրա արտաքին ներգործության իրավաչափության վերաբերյալ։

Այսպիսի զարգացումների համատեքստում ավելի քան խնդրահարույց են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող փոփոխությունները, որոնց արդյունքում ամրապնդվելու են միակուսակցական ու մենիշխանական համակարգի հիմքերը, իսկ քաղաքականությունը կրկին հայտնվելու է մասնավոր և օլիգարխիկ շահերի տիրույթում՝ փաստացի վերադարձնելով Հայաստանը մինչև 2018 թվականը տիրող իրավիճակին։

ՀՀ կառավարության կողմից հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացմանը զուգահեռ ի հայտ եկող նորանոր կոռուպցիոն դրսևորումները, միակուսակցական համակարգի կոնսոլիդացումը, փոխզսպումների և հակակշիռների համակարգի փաստացի բացակայությունը լրջագույն մարտահրավերներ են, որոնք սպառնալիք են ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը և խորացնում են հանրային ինստիտուտների նկատմամբ անվստահությունը»։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ