27 01 2025

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը

 

Բաքվում այսօր տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի և շինծու դատավարության հերթական նիստը:

Ադրբեջանը, ցանկանալով տպավորություն թողնել, իբրև «բաց դատավարության» ընթացքում «հավատարիմ է մնում» իրավական ընթացակարգերին, պատրանք ստեղծել, իբրև քննարկում է նաև առևանգված ու ապօրինաբար Բաքու տեղափոխված և անօրինականորեն կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության  խափանման միջոց կալանքը «տնային կալանքով» փոխելու հարցը, «քննարկել է»  համապատասխան միջնորդությունը և, ինչպես սպասելի էր, մերժել է այն։

Ինչ վերաբերում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա նրա՝ առանձնացված գործով Բաքվի դատարանը մասնակիորեն բավարարել է Վարդանյանի միջնորդությունը և հատկացրել ևս 10 օր՝ շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանում ապօրինաբար պահվող քաղբանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար  Ռուբեն Վարդանյանը ընտանիքի միջոցով փոխանցված իր ուղերձում նշել էր․ «․․․ Ինձ և իմ փաստաբանին թույլ են տվել լոկ թերթել քրեական գործի 422 հատորները, որոնք ադրբեջաներենով են, որին  ես չեմ տիրապետում, և դրա համար բավական կարճ ժամանակ են տվել՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թվականի հունվարի 8-ը։ Հոդվածները, որոնցով ինձ մեղադրանք է առաջադրվել, ինձ ռուսերեն թարգմանությամբ փոխանցել են միայն 2025 թվականի հունվարի 8-ին։

Իմ, իմ փաստաբանի  և թարգմանչի վրա ճնշում են գործադրել՝ ստորագրելու փաստաթղթերը հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծված արձանագրությունները:

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել, բացառությամբ առաջին հարցաքննության, երբ հայտնել եմ միայն անուն-ազգանունս։  

Եվս մեկ անգամ շեշտում եմ՝ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծիք  են։ Այդպիսի փաստաթղթեր իրականում գոյություն չունեն։ Փաստաբանիս և թարգմանչիս ստիպել են ստորագրել այս փաստաթղթերը։

Կրկին ընդգծում եմ իմ և իմ հայրենակիցների անմեղությունը և պահանջում եմ, որպեսզի անհապաղ դադարեցվի մեր դեմ ուղղված այս քաղաքականացված գործը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ