26 07 2019

Ինչպե՞ս իշխանության «սրտի թեկնածուները» դարձան ԲԴԽ անդամ

Ինչպե՞ս իշխանության «սրտի թեկնածուները» դարձան ԲԴԽ անդամ

«Նախշուն Տավարացյանի երդման վերաբերյալ ես իմ դիրքորոշումը հայտնել եմ։ Տավարացյանը 8․5 ամիս առաջ դիմումը գրել ու դուրս էր եկել ԲԴԽ-ից։ ԲԴԽ-ն ասել էր, որ քանի որ ընտրվել է, բայց չի երդվել, ուրեմն պետք է նրա հարցը որոշի դատավորների ընդհանուր ժողովը»,- 5-րդ ալիքի եթերում ասել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և մեկնաբանել, թե ինչ կատարվեց ԲԴԽ-ում։

«Խնդիրը կայանում է նրանում, որ դատական օրենսգրքով պետք է լիներ գենդերային քվոտա։ Պետք է նվազագույնը երկու կին դատավոր լինեին այն պահի դրությամբ, երբ ԲԴԽ-ն պետք է երկու նոր անդամ ունենար՝ Վարդազարյան Ռուբենի և Մեսրոպ Մակյանի տեսքով, որ ունեցավ։ Կար Անի Մխիթարյան, վերաքննիչ քաղաքացիկան գործերով, և կար Սերգեյ Չիչոյանը, որը Գեղարքունիքի մարզից էր և քրեական մասնագիտացմամբ։ Այսինքն, քրեական մասնագիտացում կար, մի կին կար, քաղաքացիական մասնագիտացում կար, օրենսգրքի պահանջներն եմ ասում։ Իրենց պետք էր վարչական մասնագիտացմամբ կին, և մյուսները կընտրվեին առաջին ատյանից։ Եթե Նախշուն Տավարացյանը լիազորություններից հրաժարված լիներ, տվյալ դեպքում պետք է այլ կին թեկնածուի հարց լուծվեր, և չէր գա Մեսրոպ Մակյանը։ Վարդազարյան Ռուբենը կընտրվեր, բայց Մեսրոպ Մակյանը չէր ընտրվի, որովհետև պետք է կին թեկնածու ապահովեւին, և ներքևից գուցե կին անցներ, նկատի ունեմ՝ առաջին ատյանի դատարաններից։

Նախշուն Տավարացյանը վճռաբեկ դատարանի վարչական և քաղաքացիական գործերով պալատից էր․ տիկինը մեկ գնդակով երկու նապաստակ էր սպանել, վճռաբեկ էր և վարչական գործերով օրենքի պահանջն էր փակում։ Ուրվագծված էր, որ ինքը չէր գնալու ԲԴԽ անդամ։ Ինքը եկավ, երդվեց, Վարդազարյան Ռուբենը և Մեսրոպ Մակյանը դարձան մեր իշխանությունների սրտի անդամները ԲԴԽ-ում, Նախշուն Տավարացյանը հրաժարվեց ԲԴԽ իր լիազորություններից, և նրա փոխարեն կգա Վճռաբեկ դատարանի մեկ այլ դատավոր՝ Ռուզաննա Հակոբյանը։ Ես ձեզ հավաստիացնում եմ, վստահ եմ։ Մի քանի դատավորներ, ովքեր ցուցաբերել են օգնություն և նախորդ ԲԴԽ-ի հետ ունեին խնդիր՝ Կարինե Պետրոսյան, Ալեքսեյ Սուքոյան, կգնան սնանկության դատարան, Արթուր Մկրտչյանը Վարդազարյան Ռուբենի փոխարեն կդառնա Երևան քաղաքի դատարանի նախագահ։

Այս առումով ես կարող եմ շնորհավորել ԱԱԾ-ին, Վարդազարյան Ռուբենի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Սա պատահական չեմ ասում։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանը նախկին ԲԴԽ կազմի իրավաբան գիտնականներին հորդորեց հանրային վստահությունը վերականգնելու համար տալ հրաժարական, և հրաժարական տվեցին Գևորգ Դանիելյանը, Սերգեյ Մեղրյանը և Գագիկ Հարությունյանը, նվազագույնը հարց պետք է առաջանա՝ ինչո՞ւ այդ հրաժարականին չեն հետևում Հայկ Հովհանիսյանը՝ նույն ոչ լեգիտիմ, ընտրակաշառքներով ընտրված խորհրդարանի կողմից և իջևանցի Լիպարիտ Մելիքջանյանը։ Անձնապես մարդկանց դեմ ոչինչ չունեմ։ Եթե վստահություն եք ուզում վերականգնել, և նախորդ կազմից երեքը հրաժարական են տալիս, ինչո՞ւ մյուս երկուսը հրաժարական չեն տալիս, այս հարցը չես կարող չտալ, չես կարող կիսատ անել, խտրական մոտեցում ցուցաբերել։

Ինձ մոտ հարց կարո՞ղ է ծագել՝ ինչո՞ւ քաղաքապետի ընկերը չի տալիս հրաժարական»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ