08 10 2019
Ի՞նչ խախտումներ են արձանագրել «Արթիկ» ՔԿՀ-ում․ մշտադիտարկման արդյունքները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմել են մանրակրկիտ վերլուծություն:
Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները.
- քրեակատարողական ծառայողների և ազատությունից զրկված անձանց թիվը խիստ անհամաչափ է, պահման պայմանները խիստ անբավարար են,
- առկա են խնդիրներ լոգանքի կազմակերպման հետ, անհրաժեշտ են վերանորոգման և մաքրման պատշաճ աշխատանքներ,պատժախցերի սանհանգույցները բնակելի տարածքից ամբողջական պատով առանձնացված չեն և բացակայում են դռները,
- առկա են կարանտինային բաժանմունքում պահվող ազատությունից զրկված անձանց անկողնային պարագաների տրամադրմանն առնչվող խնդիրներ,
- տեղաշարժման խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանցհամար քրեակատարողական հիմնարկում բացակայում են հարմարեցվածությունները,չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները,
- առկա են բժշկական օգնության կազմակերպմանն առնչվող խնդիրներ (օրինակ՝ պահանջվող դեղորայքը ոչ բավարար քանակությամբ և տեսականիով է,
- արձանագրվել են ժամկետանց դեղեր, բժշկական հետազոտությունները չեն կազմակերպվում պատշաճ և ժամանակին,
- առկա են բժշկական գաղտնիքի պահպանման խնդիրներ,
- ոչ պատշաճ է կազմակերպվում նախնական բժշկական զննությունը, բժշկական անձնակազմի աշխատանքը գերծանրաբեռնված է և այլն),անհրաժեշտ է ընդլայնել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի խրախուսման մեխանիզմները,
- բացակայում են վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրման պարբերական և համալիր միջոցառումները և այլն:
Նշված փաստաթուղթը ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ քննարկելու բարձրացված հարցերը և աջակցելու դրանց լուծմանը:
Միաժամանակ, Պաշտպանն ընդգծել է քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը