ՀՌՀ նախագահը Տիգրան Հակոբյանն այսօր լրագրողների հետ զրույցում դժգոհում էր, որ լրագրողները տեսնում են միայն Հանրային հեռուստաընկերության սխալները: Նա կոչ արեց մյուս հեռուստաընկերությունների սխալները ևս նկատել, ի դեպ նրա համար կարևոր չէ, որ Հանրայինի գումարները տրամադրվում են պետբյուջեից:
«Բոլորն են հարկատուների հաշվին: Այն գողացած փողերը, որով որոշ հեռուստաընկերությունները ֆինանսավորվում են, դա ի՞նչ է, հարկատուների հաշվին չի՞»:
Հետաքրքրական է, որ ՀՌՀ նախագահը, որն ըստ էության քաղաքական պաշտոնյա չէ և փաստական տվյալներ չունի, բայց իրեն թույլ է տալիս խոսել գողացված փողերի և կոռուպցիայի մասին:
Լրագրողի հարցին ի պատասխան էլ վերջինս ասում է, թե շատ բան գիտի: Հարց է առաջանում, եթե իրոք նման փաստեր ունի Հակոբյանը, ինչու չի դիմում համապատասխան մարմիններին՝ իրավական ընթացք տալու համար:
Տիգրան Հակոբյանն ու Վահան Մուսինյանը մեղադրվում են ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ, նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Մինչև Տիգրան Հակոբյանը կփնտրի և կգտնի նման փաստեր, պարզապես հիշեցնենք, որ նա 2013 թվականին դատապարտված է եղել փողերի յուրացման համար: Սա ոչ թե մամուլի շրջանառած լուր էր, կամ ասեկոսե, այլ դատարանի վճիռ, որ մտել է ուժի մեջ:
Նշենք, որ Տիգրան Հակոբյանը մեղադրվել է ավելի քան 184 մլն դրամ հափշտակելու, յուրացնելու մեջ:
Դատարանը հիմնավորված է համարել նրան առաջադրված մեղադրանքն, ըստ որի «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնում իր լիազորություններն ընկերության շահերին հակառակ և իր օգտին օգտագործելու հետևանքով Տ. Հակոբյանը ընկերությանը և ընկերության հիմնադիր սեփականատերեր Գոռ և Արմեն Խեչոյաններին ծանր հետևանքներ առաջացնող՝ առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս է պատճառել: Տիգրան Հակոբյանն ընդունել է մեղադրանքը:
Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց Համաներման կիրառմամբ ազատվել է պատժի կրումից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը