11 07 2022

«Ապագա հայկականը» կարելի է «գրել սառույցին»

«Ապագա հայկականը» կարելի է «գրել սառույցին»

Օրերս տեղի ունեցավ նոյեմբերին կայանալիք «Ապագա Հայկականը» համաժողովի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Հայաստանից ու Սփյուռքից մի շարք գործիչներ։ Այս նախաձեռնության հեղինակները՝ ռուսաստանաբնակ հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, այլ հիմնադիրներ ու նախաձեռնողները, հայտնում են, ամբողջ աշխարհում 100 հազար անդամի մասին, թվով 15 նպատակ են առաջ քաշում, այդ թվում՝  երաշխավորված պետականություն, պատմական պատասխանատվություն, ուժեղ սփյուռք, ազատ Արցախ: Որ հայտարարված նպատակները  ընդունելի են ցանկացած հայրենասեր հայի համար, պարզ է, սակայն՝ որքանո՞վ են դրանք իրականանալի, հատկապես այս նախաձեռնության միջոցով, հասկանալի չէ՝ նայելով արդեն որոշ մասնակիցների։ Այդ միջոցառման մասնակիցների թվում տեսանք մեկին, որի ներկայությունն իսկ արդեն խոսում էր նախաձեռնության կասկածելիության մասին։ Խոսքը Հայաստանի 2018-2020թթ․ արտգործնախարար աշխատած Զոհրաբ Մնացականյանի մասին է։

Նա արտգործնախարար էր նշանակվել Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունից» հետո, Փաշինյանի կողմից, նա էր մասնակիցը «ինչ ուզում այն էլ բանակցում ենք» տրամաբանությամբ բանակցություններին, տեղյակ էր վերելակային դիվանագիտությունից։ Նրա ու իր շեֆի բանակցությունների ամբողջ ընթացքում էր Ադրբեջանը ամրացնում դիրքերը, որից թե՛ իր շեֆը, թե՛ ինքը քաջատեղյակ էին։ Ի վերջո, նրանք տարան փակուղի տասնամյակների բանակցածը՝ իմանալով, որ դրա այլընտրանքը պատերազմն է։ Այդ երկու տարվա ընթացքում, ինչ Մնացականյանը ԱԳ նախարար էր, այնպես փչացվեցին հարաբերությունները բարեկամ երկրների հետ, որ  ակնհայտ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ մի պաշտպանող ու դատապարտող դիրքորոշում չհայտնեցին։

Նա իր ղեկավարի «ձեռքից բռնած» այդ ամենով անցավ, հասցրեց նվաստացուցիչ կապիտուլյացիոն թղթին ու այնպես «թռավ» նավից, կարծես բանից անտեղյակ էր։

Զոհրաբ Մնացականյանը մինչև օրս, մի ծպտուն չի հանել, թե, ի վերջո, ինչ կատարվեց, ինչը ինչպես եղավ։ Ու հիմա այդ աղետի պատասխանատու Մնացականյանը, դիվանագիտությունը տապալած ու պատերազմ բերած մարդը, պարզվում է, մասնակցելու է ապագա հայկական ինչոր ծրագրերի իրագործմա՞նը։ Եթե այդպես է, ուրեմն պարզ է, թե ինչ կարելի է սպասել այդ ծրագրերից։

Ի միջիայլոց, «Ապագա հայկականը» հիմնադրամի գործադիր տնօրենն էլ Արտակ Ապիտոնյանն է, որը 2018-2021 թվականներին, որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ է աշխատել․ նա համակարգել է Հայաստանի բազմակողմ դիվանագիտության ոլորտը։ Այստեղ ևս տեղին է կիրառել «No comment» արտահայտությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ