Օգոստոսի 1-ին, Երևանում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանի և Վահե Գևորգյանի ու ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի գլխավորությամբ կայացել են միջգերատեսչական խորհրդակցություններ: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ տեղի է ունեցել համապարփակ մտքերի փոխանակում Եվրոպայում տիրող իրավիճակի, այդ թվում ՝ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի հետ մեր երկրների հարաբերությունների, ԵԱՀԿ-ում փոխգործակցության և Եվրոպայի խորհրդի իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հարցեր:
Խորհրդակցությունների ավարտից հետո ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ կապված տարածաշրջանում խաղաղ կյանքի պահպանման և կայունության ամրապնդման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի հաստատման հետ:
Նշենք, որ այ հայկական կողմի հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է միջազգային կառույցների գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ. Հայաստան-ԵՄ և Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների քննարկման մասին չի խոսվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը