Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները և, հետևաբար, գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումները և հայտարարությունները նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, քանի որ նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է՝ «կողմերի՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ այդ երթուղու պահպանության համար»: Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ եվրաչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այս պահին եռակողմ ձևաչափով հաստատված որևէ պլան գոյություն չունի:
Մենք մի քանի անգամ առաջարկել և հիմա էլ առաջարկում ենք դա անել: Այս պահի դրությամբ մենք ոչ մի պլանի համաձայնություն չենք տվել, քանի որ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել: Չնայած, պիտի ընդգծեմ, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: Բայց եռակողմ հայտարարության մեջ խոսքը միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ին էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման և անվտանգության հետ կապված հարցեր»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը