«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Աղմկահարույց նախագծի շուրջ դիտարկումներս փոքր ինչ երկար են ստացվել, սակայն փորձել եմ չբավարարվել ընդհանուր գնահատականներով ու անդրադարձել եմ այդ նախաձեռնության բոլոր՝ անվտանգային, օրենսդրական, հոգեբանական, հասարակական վտանգներին։
Շրջանառության մեջ դրված փաստաթղթի հիմնավորման մեջ նշված է՝ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ( https://www.e-draft.am/projects/4679/justification )
Խոստումը վերաբերում էր զինծառայության ժամկետի կրճատմանը եւ ոչ թե առանձին անձանց համար ժամկետների կրճատմանը։ Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ զինծառայության ժամկետների կրճատում եզրույթը իշխանական քարոզչամեքենան օգտագործում էր հանրությանը մոլորեցնելու համար, թե ՀՀ բոլոր զորակոչային տարիքի անձանց ծառայության ժամկետն է կրճատվում։
Ուշագրավ է նաև, որ Կառավարության ծրագրի այս հատվածը գրեթե կրկնօրինակված է ԱԺ ներկայացված ՀՀ Կառավարության 2017 թ.-ին ԱԺ ներկայցված 2017-2022 թթ ծրագրից.
«...մինչև 2020 թվականի ավարտը՝ բարձրացնել զինվորական ծառայության գրավչությունը, զինված ուժերի արհեստավարժ բաղադրիչն ընդլայնելու համար ապահովել հավաքագրման շահավետ պայմաններ, հատկապես կարևորելով այնպիսի ծրագրային նախագծերի ներդրումը, ինչպիսիք են՝ պարտադիր զինվորական ծառայությանը զուգահեռ մարտական հերթապահության մեջ ընդգրկվելու պայմանով շարքային կազմի կամ ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով բարձրագույն կրթություն ստացած անձանց կողմից սպայական կազմի պայմանագրային զինվորական ծառայության իրականացումը, ինչպես նաև շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները: Միաժամանակ, ձևավորել պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգ՝ որպես զինված ուժերի համալրման առանցքային ուղղություններից մեկը...»: ( https://www.gov.am/files/docs/2207.pdf )
Նախագծի հիմնավորումների բաժնի՝ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները հատվածում ներկայացվում է դեռ 2018-ի հունվարին, ձմեռային զորակիչի ընթացքում կյանք ստացած «Ազգ-Բանակ» հայեցակարգի շրջանակներում «Ես եմ» ծրագրի չեղարկման մասին։ «Ես եմ» ծրագրի անունը չհիշատակելով՝ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ դրա հիման վրա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով ներդրված Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցման մասին»։
Հիշեցնենք՝ «Ես եմ» ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայության ենթակա քաղաքացին ՊՆ-ի հետ կնքում էր պայմանագիր, ըստ որի՝ ծառայության ժամկետ է սահմանվում 3 տարին, որից առաջին 6 ամիսը պետք է լինի ուսումնական զորամասում։ Հաջորդ 2,5 տարվա ընթացքում զինծառայողը հաջորդաբար պետք է անցկացներ մարտական դիրքերում (2 շաբաթ), զորամասում (1 շաբաթ) և արձակման մեջ (1 շաբաթ)։ 3 տարին լրանալուց հետո, երբ զինծառայողը զորացրվում է, նրան տրամադրվում է 5 միլիոն դրամ պատվովճար, որը նա կարող էր օգտագործել միայն բնակարան գնելու կամ ուսման վարձի կամ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
Երկար-բարակ գրառումից հետո այս Նախագծում նշվում է, թե ծրագրի շահառուներն ամեն տարի նվազել են ու հիմա միայն երեքն են, որոնք զորացրվելու են 2023 թվականին։ Հատկանշական է մեկ դրվագ հիմնավորումում՝ «Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»։ ( https://www.e-draft.am/projects/4679/justification )։
Փաստորեն՝ կրկին պատերազմը։
Հիշեցնենք, որ դեռ 2018 հունվարի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիր, որի մշակման մասին հայտարարել էր դեռ 2017 թ. հոկտեմբերի 24-ին
( https://www.president.am/.../President-Serzh-Sargsyan.../... )։
Այն, որ «Ես եմ» , «Պատիվ ունեմ» 2018-ից սկսյալ ՀՀ ՊՆ եւ ՀՀ իշխանությունների կողմից անտեսել են, չեն քարոզվել, գրավիչ չեն դարձվել, ակնառու է ու դրա մասին բազմիցս է խոսվել։
Ընդհանրապես, 2017 թվականից հայտարարված «Ազգ-բանակ» հայեցակարգն այս իշխանությունների կողմից ի սկզբան անտեսվեց, ավելին՝ այն սվիններով էր ընդունվել այսօր իշխանության բարձրագույն ատյաններում եղածներից շատերի կողմից։ Բերեմ մի քանի օրինակ.
Արդեն իշխանության գալուց հետո, 2018-ի մայիսի 21-ին Փաշինյանը նշել է.
«Եթե մի տարվա քարոզչությունից հետո որեւէ մեկը լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «Ազգ-բանակը», նշանակում է ոչ մեկ չի պատկերացնում։ Սարգսյանն (ի նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին) իր դեմ է արել այդ հայտարարությունը։ Պատկերացնում եք, մի տարի մարդը խոսել է այդ մասին, եւ որեւէ մեկը չի լսել, կամ լսել, հնարավոր չի եղել հասկանալ, թե ինչէ ասում։ Կոչ եմ անում թատերականացված կոչերից զերծ մնալ….. Ունենք կոնկրետ օրենք, որը գործում է, որը ունի կոնկրետ դրույթներ, դրա մի մասն էլ «Ես եմ» ծրագիրն է, իսկ «Ազգ-բանակը» որտե՞ղ է գրված... Եթե «Ազգ-բանակն» այն է, որ զինվորները հրամանով քվեարկեն, չի լինելու դա»:
Գրել էր Փաշինյանը։ Իսկ 2021թ.-ին արդեն հակառակը եղավ։
Նրանից մեկ այլ մեջբերում՝ «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա:
Հակաքարոզչության նման օրինակների շարքն անվերջ է:
Ստացվում է, որ, առաջարկության հեղինակների տրամաբանությամբ, պարտադիր զինծառայությունից ազատվածի վճարած գումարի հաշվին 5 տարի շարունակ պայմանագրային ծառայության մեջ կլինի ՀՀ մեկ այլ քաղաքացի։ Նույն տրամաբանությամբ, պարտադիր զինծառայության ամեն մի զորակոչիկ իր փոխարեն կարող էր առաջարկել զորակոչել այլ մեկին, պայմանով, որ ինքն է վճարելու նրա վարձատրության գումարը: Սա ամբողջովին խաթարում է ՀՀ քաղաքացու՝ Հայրենիքի պաշտպանության պարտավորության առնցքային սկզբունքները:
Փողով պարտադիր զինծառայությունից ազատվելու մեխանիզմի արդյունքում պարտադիր զինծառայությունը, Հայրենիքի նկատմամբ պարտքը կատարելը դիտվելու է ոչ ունեւորների առաքելություն ու պարտականություն։ Իսկ մեծահարուստն ազատ է այդ պարտականությունից։
ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածն ամրագրում է, որ երկրի պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուրի պարտավորությունն է՝ «3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»:
Այս նախագծով արդեն իսկ պարտականությունը դառնում է ընտրողական ու ըստ ցանկության։
ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով ամրագրված է խտրականության արգելքը. «Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Այնինչ, ներկայացված նախագծով սոցիալական անբարենպաստ պայմաններով քաղաքացու նկատմամբ ցուցաբերվում է խտրական վերաբերմունք։
Այնինչ չկա հաշվարկ, թե քանի քաղաքացի պատրաստակամություն կհայտնի գումարի դիմաց ազատվել պարտադիր ծառայությունից, որի վճարած գումարների հաշվին հնարավորություն կստեղծվի (ինչպես նշված է նախագծում) պայմանագրային նոր զինծառայողների ընդգրկել ՀՀ Զինված ուժերի շարքում։
Եթե ենթադրվում է ուսումնական զորմասերում, ապա այդ ստորաբաժանումների համար ստեղծվում է լրացուցիչ բեռ, երբ պարտադիր զորակոչի արդյունքում, ըստ զինված ուժերի տեսակների պահանջների, կատարվում է ուսումնական զորմասերում նորակոչիկների բաշխում, հետագայում զինված ուժերի առանձին ստորաբաժանումները համալրելու ծրագրի։ Այս նախագծի դրույթների կյանքի կոչելու դեպքում, ուսումնական զորմասերից շատերն ուղղակի չեն համալրելու զինված ուժերի կազմերը։ Արդյունքում ունենալու ենք ուռճացված ուսումնական զորմասեր ու ծախսային նոր բեռ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը