02 09 2022

Թուրքերն ուզում են վերցնել Զանգեզուրը և կտրել մեր սահմանը Հայաստանի հետ. Իրանի նախկին փոխարտգործնախարար. Zham.am

Թուրքերն ուզում են վերցնել Զանգեզուրը և կտրել մեր սահմանը Հայաստանի հետ. Իրանի նախկին փոխարտգործնախարար. Zham.am

Zham.am-ը գրում է.

«Թուրքական YeniSafak հրատարակությունը աուդիոձայնագրություն է տարածել Իրանի նախկին փոխարտգործնախարար, միջուկային գործարքի բանակցությունների մասնակից Էբուլֆեզլ Զուխտեվենդի ձայնով, ով համարվում է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը:

Վերջինս բաց տեքստով հայտարարում է, որ թուրքերը մտադիր են գրավել հայկական Զանգեզուրը և կտրել Իրանի սահմանը Հայաստանի հետ: Ըստ նրա, այդ ծրագրերին աջակցում են նաև դրսի ազդեցիկ ուժերը, որոնք նպատակ ունեն ուժեղացնել Ադրբեջանն ընդդեմ Իրանի:

Ըստ Իրանի նախկին արտգործնախարարի, «...Հարավային Կովկասը Իրանի քաղաքակրթության տարածքն է։ Ադրբեջանը վախեցնող երեւույթ է և պոտենցիալ սպառնալիք Իրանի համար, և եթե Ադրբեջանը որպես պետություն չվերացվի, այն կհարվածի Իրանին քաղցկեղի բջջի պես...»:

Ըստ նրա այդ տեսանկյունի. «...Իրանի և Թուրքիայի միջև երբեք չի կարող հաստատվել ռազմավարական բնույթի համագործակցություն: Քանի որ Ադրբեջանի ուժեղացման հարցում Թուրքիայի պլանները մեծ են...»:

Եվս մեկ անգամ նշենք, որ Էբուլֆեզլ Զուխտեվենդը համարվում է ներկայիս Իրանի հոգևոր առաջնորդի ամենամտերիմ գործիչներից մեկը:


Եվ զարմանալի չէ, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո, Իրանում մեծ մտահոգություն է առաջացել Ադրբեջանի մեծացող ամբիցիաների նկատմամբ:

Այսօր արդեն ադրբեջանցիները դժգոհում են, որ Իրանի իշխանությունները խոչնդոտներ են ստեղծում Ադրբեջանի համար տրանսպորտային փոխադրումների հարցում, և չեն էլ թաքցնում, որ այդ ամենը կատարվում է վերջին պատերազմի արդյունքների պատճառով:

Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ապա ներկայիս Իրանի իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում, որ Փաշինյանի իշխանությանը կհաջողվի երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Իրանում մտահագված են, որ ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգման պատճառով Թուրքիային կհաջողվի դիրքային առավելություններ ձեռք բերել Անդրկովկասում Ադրբեջանի միջոցով:

Իրանի վերնախավի ներկայացուցչի այս խոստովանությունները ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ եթե Հայաստանում կարճ ժամանակում ներքաղաքական զարգացումներում ոչինչ չփոխվի, ապա մեր բոլոր պոտենցիալ գործնկերները մեր հետ հարաբերություններում արմատապես կփոխեն իրեն դիրքորոշումները և մենք կարող ենք հայտնվել լիակատար մենակության մեջ: Իսկ դրանից հետո կարող ենք ականատեսն լինել այնպիսի ողբերգության, որ եղավ հարյուր տարի առաջ:

Սա է իրականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ