16 09 2022

Կա նոր սպառնալիք Նախիջևանի ուղղությունից. Տիգրան Աբրահամյան



«Փաստացի հայտարարվեց, որ կա նոր սպառնալիք Նախիջևանի ուղղությունից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել, դեռ չեմ խոսում մնացած ծանր հետևանքների մասին:  Այս մասին սեպտեմբերի 16-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Բնականաբար, ով աշխարհագրական տեսանկյունից տիրապետում է ՀՀ քարտեզին, դրանում Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տեղակայումներին, կարծում եմ՝ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ճակատի բացվելը: Նաև ուզում եմ ձեզ բոլորիդ հիշեցնել, որ նախկինում Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակային կորպուսներից մեկը մոտ տասը տարի առաջ վերածվեց առանձին համազորային բանակի, այսինքն՝ պոտենցիալը, հնարավորությունները, ռեսուրսները կտրուկ ընդլայնվեցին: ՆԻՀ տեղակայված առանձին համազորային բանակը նաև աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, պլանները, ծրագրերը բավականին ներդաշնակեցված են Թուրքիայի զինված ուժերի հետ, բնական է, որ դրանք բավական մեծ սպառնալիք են ստեղծում ՀՀ համար, դեռ չեմ խոսում, որ Նախիջևանի ուղղությունից ամենամոտ հատվածը դա Երասխի ուղղությունն է, պատերազմական ճակատը մայրաքաղաքից շատ քիչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»,-ասաց Աբրահամյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ