06 10 2022

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն իր հակառուսական արշավն իրականացնում Հ1-ով. Zham.am

Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանն իր հակառուսական արշավն իրականացնում Հ1-ով. Zham.am

Zham.am-ը գրում է.

«Այսօր շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է ինտենսիվացնել իր հակառուսական կեցվածքը: Հարվածի առաջին տեղում է հայտնվել ՀԱՊԿ-ը: Սակայն դա ընդամենը պատրվակ է, իրականում Փաշինյանը թիրախավորել է ողջ հայ-ռուսական հարաբերությունների ներկա դրվածքը: Նախ նա իր ինքնաասուլիսում հայտարարեց, թե, իբր, մենք վճարել ենք հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն այդպես էլ  դրա դիմաց զենք չենք ստացել: Նրա գավառական գեղջկական ոճը երկրի անուն չտալ, բայց քողարկված ձևով մեղադրել Մոսկվային, նույնիսկ ծիծաղելի է, բայց ոչ մեր ժողովրդի համար: Քանզի Փաշինյանի գործողություններն ուղղակի վտանգի տակ են դնելու Հայաստանին և այստեղ ապրող 3 մլն հայության խաղաղ ապրելու ապագան:

Նրա գավառական հոդվածաշարը իր իսկ ընտանեական թերթոնում, որտեղ նա, իբր,  «պախկվել էր»  «հավաստի աղբուր» ձևակերպման հետևում, ցույց է տալիս իր մանկամտության աստիճանը: Դրսում նրա վրա արդեն ծիծաղում են բաց ձևով: Բայց միաժամանակ մենք ենք տուժելու նրա գավառական այս խաղերի պատճառով:

Վերջապես հակառուսական իր հիստերիան սկսեց արտացոլվել նաև Հանրային կոչվող հեռուստատեսության տաղավարներում, որտեղ վերջին օրերին սկսեցին ինտենսիվ կերպով լուսաբանել հակառուսական ավանտյուրիստներին, որոնց գործունեության իրական նպատակները հայտնի են բոլորի համար:

Այս ամենի գլխավոր պատճառը հասկանալի է: Փաշինյանը չի կարողացել լեզու գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հետագա ճակատագրի վերաբերյալ Ադրբեջանի հետ «խաղաղ պայմանագրի» կնքումից հետո, որի պատճառով էլ փորձում է սպառնալ Մոսկվային, որ այդ դեպքում ինքը Հայաստանի կողմնորոշումը կփոխի: Ըստ Փաշինյանի սպառնալիքների տրամաբանության, մահվան աղետի մեջ կհայտնվի ոչ միայն  Հայաստանը, այլև Ռուսաստանը: Իր այդ սպառնալիքով Փաշինյանը ցանկանում է կորզել Պուտինից իր անձնական ապագայի երաշխիքը, չհասկանալով, որ այդ քայլերով նա ոչ թե կհասնի իր նպատակին, այլ էլ ավելի կխորացնի իր և Հայաստանի ծանր վիճակը:

Նույն ճանապարհով, ժամանակին գնաց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի արդյունքը հայտնի է բոլորին:

Պարզապես մեր պարագայում, մենք անվերապահ կարող ենք կորցնել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, ընդանրապես:

Սա է իրականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ