Եվրոպական միությունից այսօր տեխնիկական խումբ կժամանի Հայաստան. այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Թե որտեղ է տեղակայվելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ դեռ հստակ որոշված չէ:
«Այսօր կժամանի տեխնիկական խումբը, կքննարկվի նաև այդ հարցը», - լրագրողների հետ զրույցում ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն էլ է առաջարկել դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, որի՞ն կտրվի նախընտրությունը՝ փոխնախարարն արձագանքեց. «Մենք բաց ենք բոլոր այն առաջարկների համար, որոնց շնորհիվ կամրապնդվի մեր անվտանգությունը, որ խուսափենք այն իրավիճակից, որն ունեցանք սեպտեմբերին»:
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Երկու կողմից հաստատվել է, որ գործընթացն ընթանում է առանց նախապայմանների և այդ տրամաբանությունը պահպանվում է»:
Դիտարկմանը, որ Էրդողանը հայտարարել է, որ սահմանները կբացվեն, եթե կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր, արդյոք սա նախապայման չէ, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց. «Դա չի ներկայացվել որպես նախապայման, խաղաղության հաստատումը տարածաշրջանում ներկայացվել է որպես ավելի նպաստող գործընթաց, սակայն զուտ երկկողմ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում որևէ նախապայման չէր ներկայացվել»:
Հարցին, թե Արևմուտքից ինչ առաջարկներ կան հայ-ադրբեջանական սահմանի կարգավորման հետ կապված, փոխնախարարը պատասխանեց. «Արևմուտքից ոչ թե կոնկրետ առաջարկներ են, այլ ջանքեր են, որպեսզի աջակցեն երկու կողմերին: Դա է Արևմուտքի մոտեցումը, այլ գործընթաց գոյություն չունի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը