ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խոտանված համախբվածությամբ հայկական հանրությունն այլևս ապրում է զուգահեռ իրականության մեջ, ավելին՝ 44-օրյա ծանր պատերազմը և դրա արդյունքները մեզանում մերկապարանոց դարձրեցին նաև պետականության համար առավել վտանգավոր արատներից թերևս ամենագլխավորը՝ մոլեգնող տգիտությունը: 18դ. ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ Քլոդ Հելվեցիուսը նշել է, որ ցանկացածը, ով ուսումնասիրում է ժողովրդական աղետների պատմությունը, կարող է համոզվել, որ դժբախտությունների մեծ մասը տգիտության արդյունք է: Տգիտությունը՝ անգետության ագրեսիվ ինքնահաստատման ձևն է, որն ի սկզբանե մերժում է իմացությունը, թշնամաբար և կասկածանքով վերաբերվում դրան, իսկ հետո մարտական անգթությամբ պարտադրում ինքն իրեն: Տարածաշրջանում, և մասնավորապես Հայաստանի շուրջ արագացված ձևով ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի ցցուն են դարձնում մեր առջև ծառացած մարտահրավերները:
Չենք կարող հաղթահարել մեր առջև հառնած խնդիրներն առանց հանրային նպատակի ձևակերպման, կրթական ու հոգևոր նշաձողերի բարձրացման, հայկականության գերակայության, բացառապես պետական շահի սպասարկման, քաղաքական կեղծ կատեգորիաների և պատրանքների չեղարկման, մեր ներսում ատելության վերացման, օտարապաշտության բացառման և այլ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը