02 12 2022

ՔՊ մոտեցումը հետևյալն է՝ չկա, չի եղել Արցախի Հանրապետություն. Արմեն Ռուստամյան



 

ՔՊ-ի առաջարկները լավագույնս բացահայտում են գործող իշխանությունների հետապնդած իրական նպատակներն ու որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ: Այս մասին իր ԱԺ ելույթում ասա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՔՊ նպատակները հետևյալն են

- Չկա, չի եղել, ԼՂՀ կամ ԱՀ

- Կա հայություն, որ ապրում է Լեռնային Ղարաբաղում, բայց ոչ որպես պետական կազմակերպական ձև ունեցող միավոր, այլ որպես աշխարհագրական տարածք:

- Ադրբեջանը չի օկուպացրել Արցախի որևէ տարածք

- Շուշիի հռչակագիրը դատապարտելի և անընդունելի չէ

- Թուրքիայի մասին նպատակահարմար չէ հիշատակել Ադրբեջանական հակահայկական գործողությունների համատեքստում: Փաստացի անտեսվում են թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը:

- Կարելի է կատարել նաև դրական արձանագրում, որ անընդունելի է ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի տրամադրումը:

- Մերժվում է Արցախի հիմնախնդրում ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման հնարավորությունը

- Փաստացի հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը սատարելու Սահմանադրորեն ամրագրված պարտավորությունից

- Հրաժարվում է նպաստել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը

- Դրա փոխարեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության ապահովման կարևորագույն գործն է համարում միջազգային մեխանիզմով Ստեփանակերտ- Բաքու ուղիղ երկխոսությունը, միաժամանակ չբացառելով Արցախը Արդբեջանի կազմում, և կարևորելով ոչ թե ժողովրդին պատկանող տարածքը` այլ նրա իրավունքները:

- Վերջապես 1991 թվականին Ալմա- Աթայի հռչակագրի հիշատակումը` առանց մատնանշելու ՀՀԳԽ-ի կատարած վերապահումը, թույլ է տալիս այն մեկնաբանել որպես Արցախն Ադրբեջանի կազմի մեջ ամրագրող փաստաթուղթ:

Այսպիսով, ըստ օրվա իշխանությունների իրավիճակը թելադրում է հրաժարվել Ադրբեջանի հնարավոր զայրույթը գրգռող որևէ բառապաշարից, և անշուշտ հրաժարվելով` հրաժարվել սեփական նախընտրական խոստումներից և նպատակներից:

Սակայն ակնհայտ է, որ իրավունքն ինքնին առանց տարածքի և կարգավիճակի կարևորման հեշտությամբ հանգեցվելու է Ադրբեջանի սահմանադրությամբ նախատեսվախ քաղաքացիական իրավունքներով բավարարվելուն, դրա հետևանքները հայ ժողովուրդը տեսել է Նախիջևանում և այլուր:

Հետևաբար, չկա, չի կարող լինել Արցախահայության ընդհանրացված իրավունքների պաշտպանություն, առանց այդ իրավունքների սկզբնաղբյուրը հանդիսացող ինքնորոշման իրավունքի ապահովման:

Չկա, չի կարող լինել Արցախահայության անվտանգության երաշխավորում, առանց դրա համար անհրաժեշտ կենսական, առնվազն` երեք պայմանների ապահովման, Ադրբեջանի կազմից դուրս Արցախի կարգավիճակ, անկլավության բացառում, և խաղաղապահ անժամկետ առաքելությամբ և Հայաստան- Արցախ միասնական անվտանգության համակարգի ձևավորման: Այո, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայությունը կանգնած է այս ճակատագրական փորձության առաջ` կամ առձանագրում ենք, որ տեր ենք մեր համազգային նպատակներին և սկզբունքային դիրքորոշումներին` արտահայտված մեր անկախության մասին հռչակագրով և դրան հետևած 1992 թվականի հուլիսի 8-ի ԳԽ հայտնի որոշումով ու Արցախի հանրապետության գոյությունն ամրագրող բազմաթիվ հայտարարություններվ և վերականգնում ենք սրա շուրջ մեր եռամիասնությունը, կամ ըստ էության հրաժարվելով դրանցից` ոտնահարում ենք Հյասաստանի գործող սահմանադրությունը և արժեզրկում հանուն Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության մղած սերունդների պայքարը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ