Գերմանիայի արտաքին քաղաքական գործիչները կոչ են անում Ադրբեջանին՝ դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը դեպի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան, որտեղ 120 հազար մարդ օրեր շարունակ կտրված է բոլոր մատակարարումներից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև Լաչինի միջանցքի շրջափակումը։
«Չնայած Ադրբեջանը պնդում է, որ դիվանագիտական լուծում է փնտրում, հակամարտությունը չի հանդարտվում», - ասել է Հարդտը RedaktionsNetzwerk Deutschland (RND)-ին ու հավելել. «Ակնհայտորեն, շրջափակողներին աջակցում է Բաքուն: Բաքվի կառավարությունը պետք է անհապաղ դադարեցնի շրջափակումը»:
Բունդեսթագի Կանաչներ խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Յուրգեն Տրիտինը ևս Ադրբեջանից պահանջել է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, հակառակ դեպքում՝ հումանիտար աղետ է սպառնում։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին նույնպես պետք են հստակ ազդանշաններ Եվրոպայից, որ նա պետք է ազատի Լաչինի միջանցքը: Ադրբեջանի նոր դերը, որպես Եվրոպայի համար էներգիայի կարևոր մատակարար, չպետք է հանգեցնի Բրյուսելի մեղմ արձագանքին »,- ասել է Տրիտինը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը