Աշխարհում շատ դեպքեր կան, երբ հակառակորդ երկրներից մեկուկ տեղի է ունենում տարերային աղետ, մյուսը օգնություն է առաջարկում: Դա նորմալ է, ամեն ինչ ըստ իրավիճակի պետք է արվի, սակայն հայկական կողմը մի քիչ ավել արեց: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Թուրքիայում տեղի ունեցավ աղետ, 100-ամյակի ամենամասշտաբային երկրաշարժերից մեկը: ՀՀ իշխանությունների կատարած քայլը հայ հասարակությանը հասցրեց ծայրահեղությունների, շատ հակասական կարծիքների: Ինձ համար որպես փորձագետի, դա նորմալ գործընթաց է, բայց որպես քաղաքացի, ինձ համար անհասկանալի է, թե ինչով են վատը Արցախում ապրող մեր հայրենակիցները, որ իրենք օրակարգում չկան ընդհանրապես:
Մեր հայության մի ստվար մաս՝ 120 հազար մարդ, կարող ենք ասել, որ աղետի գոտում են, շրջափակման մեջ են, պատահական չէ, որ հրեական մի կազմակերպություն ասել էր, որ դա ցեղասպանության պես մի բան է ստացվում»,-ասաց նա:
Թուրքագետի խոսքով՝ ՀՀ իշխանությունները հենց սկզբից՝ պատերազմի ավարտից հետո, շտապեցին Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, ինչն անհասկանալի էր:
«Պատերազմից անմիջապես հետո հայկական կողմը ժամանակից շատ շուտ հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, դրական ազդակներ ուղարկեց Թուրքիա և սկսեց այդ գործընթացքը, չգիտես թե ինչու հայկական կողմը ավելի շատ է ուզում, որ սահմանը բացվի, քան իրական շահագրգիռ կողմը: Իսկ հայ-թուրքական սահմանի բացման իրական շահառուն հենց Թուրքիան է:
Հայաստանը Թուրքիայի արտաքին քաղաքակնության մեջ զրոյական նշանակություն ունի, չգիտես թե ինչու մեզ հոտ հակառակ կարծիքն է: Եթե մինչև ցեղասպանության 100 ամյա տարելիցը Հայաստանը գլխացավանք էր Թուրքիայի համար, ապա հիմա ընդհանրապես իրենից որոշիչ գործոն չի ներկայացնում Հայաստանը: Թուրքիան Հայաստանի հետ հարցերը լուծված է համարում»:
Ինչ վերաբերում է ՀՀ կողմից ուղարկված մարդասիրական օգնության Թուրքիայի արձագանքին՝ փորձագետի խոսքով Թուրքիան իրեն հատուկ ձևական մասը պահեց:
«Թուրքիայի իշխանությունների կողմից համարժեք արձագանք մենք չենք տեսնում: Միայն Քըլչը արձագանքեց, դա նորմալ է, նա բանագնացն է, պետք է արձագանքեր, արձագանքեց, ձևական էթիկակա կողմը պահվեց: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-Թուրքիա հետագա հարաբերությունների զարգացմանը, ապա դա կախված է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից:
Նախկինում Սերժ Սարգսյանի օրոք փորձ արվեց հարաբերություններ հաստատելու, բայց նույնիսկ այդ ժամանակ ադրբեջանական գործոնը հաղթեց, ներքին կարգով Թուրքիան խնդրում էր, որ 7 շրջաններից գոնե մեկը հանձնենք, իսկ հիմա 7-ն էլ, մի բան էլ ավել տվել ենք: Հիմա Թուրքիայի պահանջը հետևյալն է՝ ստորագրել Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը: Այսինքն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կախված են Ադրբեջանից:
Նաև պետք չէ սպասել, որ Թուրքիան սրանից կազդվի կամ իր ազգային շահերը առաջ չի տանի: Սա դիվանագիտական համերաշխության դրսևորում է ՀՀ կողմից, բայց Թուրքիան առաջնորդվում է իր ազգային շահերով, ոչ թե մի քանի բեռնատար տրամադրված օգնությամբ»,-եզրափակեց փորձագետը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը