Մեր երկրի այսօրվա իրավիճակը վայր ընկնող ինքնաթիռ է հիշեցնում, որտեղ նստատեղի համար բանավիճում են ուղևորները, օդաչուն էլ, սեփական անկարողությունը քողարկելու համար, ինքն է կռիվ հրահրում ուղևորների մեջ: Այնինչ օդաչուի մտահոգությունը պետք է մեկը լինի՝ կանխել աղետը: Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը:
«Իշխանությունը՝ սեփական անձին աստվածային կերպար տալու մեծ գայթակղություն է ստեղծում: Աշխարհում կան տարաբնույթ պաշտամունքի առարկաներ՝ միջատների, կովի, արևի և լուսնի, եղել են և կա նաև ինքնապաշտամունք, երբ մարդիկ գայթակղվում են սեփական անձը Աստծո տեղ դնելու պաշտամունքով: Նման դրսևորում, Աստծո հետ իրենց նույն հարթակում դնելու տենդենց կա ծայրահեղ աղանդավորական շրջանակներում: Եվ սա փորձ է մարդկանց իրական օրակարգից շեղելու, արհեստական բանավեճ հրահրելու նպատակով՝ շղարշի տակ թողնելով բուն խնդիրը»,- ասաց նա։
Արքեպիսկոպոսի խոսքով՝ անընդունելի է նաև, որ Ադրբեջանի նույն բառապաշարով խոսում են նաև Հայաստանի իշխանությունները․ «Մարդկանց մոտ լուրջ մտահոգություններ են առաջանում, որ թշնամու ագրեսիային համարժեք արձագանք, դրան դիմակայելու կամք չկա: Եկեղեցին պահպանողական է և քաղաքականության մեջ էլ հեղափոխականությունը չի ողջունում, որովհետև այդ դեպքում հալածանքները, ատելությունն ու մարդկանց տարբեր բարիկադների հետևում դնելն անխուսափելի են, բայց ինքնությունը, երկիրը փրկելու համար հեղափոխությունն անխուսափելի է»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը