03 08 2023

Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը կներկայացնի ԼՂ-ում իրավիճակը

Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բաց քննարկմանը կներկայացնի ԼՂ-ում իրավիճակը

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում օգոստոսի 3-ին տեղի կունենա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկում «Հակամարտային իրավիճակներում պարենային անվտանգության ապահովումը և սովի բացառումը»  թեմայով, որի ժամանակ Հայաստանը կներկայացնի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:

 «Իհարկե, թեման լիովին արդիական է մեր իրավիճակի համար, և հայկական կողմը հանդես է գալու ելույթով՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակը:

Մենք օգտագործելու ենք հասանելի ամբողջ գործիքակազմը բոլոր միջազգային ատյաններում Լաչինի միջանցքի վերաբացումն ապահովելու համար։ Նման գործիքները շատ են, մենք հետևողական կերպով դրանք օգտագործում ենք և գործի ենք դնում ըստ անհրաժեշտության, որի նպատակն է ուժեղացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա, որը արդեն տեղի է ունենում»,- ընդգծեց նա:

Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը Հայաստանից ելույթ է ունենալու ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր օրի վատթարանում է։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը զրկված է առաջին անհրաժեշտության ապրանքների՝ սննդի, դեղորայքի վառելիքի մատակարարումներից։ Ադրբեջանն անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումն ու էլեկրականությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ