10 10 2023

ԵԽ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կգա

ԵԽ հատուկ ներկայացուցիչը Հայաստան կգա

Արդեն հիմա իմ հատուկ ներկայացուցիչը, իհարկե, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, Հայաստանի ճանապարհին է։ Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։

Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ ԵԽ հատուկ ներկայացուցիչը կկազմի Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների կարիքների քարտեզը։

«Եվ երբ վերադառնանք, մենք կմշակենք այս մարդկանց անհապաղ օգնություն ցուցաբերելու ծրագիր։ Բայց, իհարկե, կա նաև այն հարցը, թե երբ և ինչպես պետք է այդ մարդիկ վերադառնան տուն, քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ուզում փախստական ​​լինել, ոչ ոք չի ուզում լքել այն վայրը, որտեղ ծնվել ես կամ որտեղ ծնվել են ձեր նախնիները»,- ասել է ԵԽ գլխավոր քարտուղարը։ 

Նրա խոսքով՝ Եվրախորհրդի շրջանակներում պետք է ուշադրություն դարձնել սրա վրա և անել հնարավորը, որպեսզի արցախցիները կարողանան վերադառնալ հայրենիք։

«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, իհարկե, ես հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կկարողանանք առաքելություն ուղարկել քարտուղարությունից, որը կխոսի Ադրբեջանի իշխանությունների հետ և կտեսնի, թե ինչպես են նրանք գնահատում իրավիճակն Ադրբեջանում։ Բայց միևնույն ժամանակ, ես կոչ եմ անում Ադրբեջանին իսկապես լիովին կատարել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- նշել է նա՝ հույս հայտնելով, որ այս ճակատներում գործադրվող ջանքերի շնորհիվ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կկարողանան վերադառնալ հայրենիք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ