Անցյալ ամիս Ֆրանսիայի հյուսիսում՝ Արրաս ավանում դպրոցի ուսուցչուհուն սպանած 18-ամյա Մոհամեդ Մոգուչկովի մայրը նրա հորն է մեղադրում զավակի իսլամիստական արմատականացման համար: Այս մասին հայտնում է Ազատությունը:
Ծագումով չեչեն այդ երիտասարդը հոկտեմբերի 13-ին Արրաս քաղաքում դանակահարել է իր նախկին ուսուցիչ Դոմինիկ Բեռնարդին և վիրավորել ևս երկու մարդու։ Նա տեղում ձերբակալվել է:
Հինգշաբթի ուշ երեկոյան M6 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում նրա մայրը, ում անունը չի նշվում, ասել է, որ հայրն է «ազդել» իրենց ընտանիքի հինգ երեխաների՝ երեք տղաների և երկու աղջիկների վրա:
Նրա հայրը՝ Յակուբ Մոգուչկովը հիմա գտնվում է Հայստանում: Նա անցյալ շաբաթ Հայաստանից հեռախոսով խոսել է AFP-ի հետ՝ ասելով, թե «դատապարտում է» որդու արարքը, բայց և ավելացնելով, որ «Ֆրանսիան սադրանքի քաղաքականություն է վարում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ հրապարակելով»:
Ակնարկն ակնհայտորեն հասցեագրվել է Charlie Hebdo ամսագրին, որը 2015 թվականին իսլամիստ զինյալների կողմից արյունալի հարձակման է ենթարկվել մարգարեի ծաղրանկարներ վերահրապարակելուց հետո:
Յակուբ Մոգուչկովը եղել է ոստիկանության հսկողության ցուցակում՝ որպես հավանական իսլամիստ: Նա 2018 թվականին արտաքսվել է Ռուսաստան, այժմ ապրում է Հայաստանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը