28 03 2018

Հնչում են հայտարարություններ, որ Ադրբեջան զենքի վաճառքը նվազելու է. Պաշտպանության փոխնախարար

Հնչում են հայտարարություններ, որ Ադրբեջան զենքի վաճառքը նվազելու է. Պաշտպանության փոխնախարար

Մարտի 29-ից 31-ը Երևանում կանցկացվի Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը: Այս մասին մարտի 28-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

Զուգահեռ մի շարք միջոցառումներ կանցկացվեն, որոնց թվում` հայ-ռուսական կոնֆերանս` ոլորտի պատասխանատուների և բիզնեսի մասնակցությամբ: Տեղի կունենա նաև ՊՆ գիտական և գիտատեխնիկական կոնֆերանսը: Միջազգային ցուցահանդեսին կմասնակցեն 14 երկրներից 30 ընկերություններ, 10 երկրներից պետական բարձր մակարդակով պատվիրակություններ կժամանեն Երևան:

Դավիթ Փախչանյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարմանը: Մասնավորապես նա նշեց, որ ակնհայտ է, որ մենք դժգոհություն ունենք, և ռուսական կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մատակարարումների քանակը խիստ նվազելու է։

«Համագործակցությունն ընթանում է արդյունավետ: ՌԴ-ի հետ առաջին վարկի շրջանակներում սպառազինությունն ամբողջովին մատակարարված է, և կա պայմանավորվածություն շարունակելու. դա սպառազինության գնումների լուրջ մաս է կազմում»,-ասաց նա:

Անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված պատժամիջոցներին՝ փոխնախարարը նշեց, թե պատժամիջոցները խնդիր են, բայց իրենք չունեն անվտանգություն ապահովելու հարց՝ ելնելով հայկական կողմի շահերից:

Փոխնախարարը նշեց, թե հայկական կողմը, բացի Ռուսաստանից, սպառազինությունների ոլորտում այլ երկրների հետ ևս համագործակցում է: Նա օրինակ բերեց Սերբիան, որի հետ, ըստ նրա, Հայաստանը լավ կապեր է հաստատում և ունի զարգացած ռազմարդյունաբերություն: Ըստ նրա՝ նաև Չինաստանի, Լեհաստանի հետ է աշխատանք տարվում, և կան զարգացման հեռանկարներ:

Հարցին, թե որքա՞ն է կազմում բանակում հայկական արտադրության սպառազինության տոկոսը, փոխնախարար Փախչանյանը նշեց, թե դա պլանավորվում է Ռուսաստանի Դաշնության հետ վարկի շրջանակներում սպասվող սպառազինության հաշվարկի հիման վրա: «Մոտավորապես մեկ քառորդը կկազմեն մեր ներքին արտադրանքի գնումները: Նաև կախված է նրանից, թե ինչքանով արագ մշակումները կանցնեն սերիական արտադրության»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հայկական ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի հնարավոր արտահանմանը, Դավիթ Փախչանյանը նշեց, որ այս շուկա մուտք գործելը բավականին բարդ է ու ժամանակատար։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ