«Ուշադիր հետևում եմ «Քոչարյանի գործին»: Գլխավոր դատախազությունը մերժել է պատգամավորներին, ովքեր միջնորդություն էին ներկայացրել Հայաստանի նախկին նախագահի խափանման միջոցը փոխելու մասին: Միանգամից ասեմ՝ չեմ պատրաստվում ինչ-որ մեկի կողմն անցնել: Պարզապես որոշ կասկածներ և մտորումներ կան` ո՛չ իրավական, իրավաբան չեմ, պարզապես ընդհանուր քաղաքական»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ռուս քաղաքագետ, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Մարկեդոնովը կարծիք է հայտնել այն մասին, որ հնարավոր է՝ ձևավորովում է նպատակադրված և հետևողական պատկերացում Քոչարյանի՝ մարտի մեկի համար էքսկլյուզիվ պատասխանատվության մասին:
«Ո՞րն է գլխավոր փաստարկը՝ բանակի ներգրավումը ներքին քաղաքականության մեջ: Լավ, ընդունում ենք: Սակայն արդյո՞ք Քոչարյանի հակառակորդը բանակցություններ չէր վարել «Երկրապահի» և զինվորականների հետ: Կարծես թե սա գաղտնիք չէ: Ենթադրենք, դա կաշխատեր (իշխանությունները, սկսած փետրվարի 23-ից, քայլեր ձեռնարկեցին, որպեսզի դա տեղի չունենա): Այսինքն՝ զինվորականներին ներգրավելու փորձեր եղել են երկու կողմից: Հասկանալի է՝ այդ ժամանակվա ընդդիմությունը պարզապես ավելի քիչ ռեսուրսներ ուներ»,- գրել է նա:
Փորձագետն անդրադարձել է նաև ուժի կիրառման թեզին: «Ահա կարդում եմ ոչ թե պաշտոնական, այլ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կառույցի նյութը: Այն նվիրված է 2008 թվականի մարտի մեկի իրադարձություններին: «Մինչ բարիկադից այն կողմ շարունակվում էր խաղաղ հանրահավաքը, ցուցարարների խումբը փորձեց հարձակվել ոստիկանական ուժերի վրա: Ինչպես ներկայացվում է, այդ ժամանակ մի քանի մարդ մահացան: Ամենայն հավանականությամբ, ոստիկանության կողմից հրազենի կիրառման դեպքերից մի քանիսը կապված էին անմիջական հարձակման հետ, սակայն ունեցած վկայությունները ցույց են տաիս, որ ոստիկանությունը նաև դիտմամբ կրակ էր բացում ցուցարարների վրա այն հանգամանքներում, երբ հիմքեր չկային խոսելու կրակ բացելու արդարացման մասին»: Ստացվում է՝ պատասխանատվություն կրում է առնվազն երկու կողմը, չէ՞: Տանգոյի համար երկուսն են պետք: Միգուցե երեքը, բայց ոչ մի դեպքում մեկը»,- նշում է քաղաքագետը:
Մարկեդոնովը կիսվել է իր ևս մեկ կասկածով: «Քոչարյանի համար երաշխավորել է 46 պատգամավոր՝ գումարած պատգամավորներ ԼՂՀ-ից: Ինչ-որ ձև նրանց ընտրել են: Ենթադրենք՝ Հայաստանում բոլորն ընտրվել են ոչ ճիշտ ժողովրդի կողմից: Բայց ԼՂՀ-ում մրցակցության մակարդակն ավելի բարձր է, չէ՞: Եվ գլխավոր դատախազությունն ինչ-որ մեղմություն չի ցուցաբերել: Ի դեպ, Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակեցին շատ ավելի քիչ թվով ժողովրդի ընտրյալների երաշխավորությամբ, ինչպես և «Սասնա ծռերի» այլ անդամների: Նրանք, նշեմ, ամենևին էլ Մահաթմա Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի գաղափարների երկրպագուները չէ: Նրանք ժամանակին հայտարարել են կառավարության դեմ ուժային պայքարի անհրաժեշտության մասին»,- գրել է նա:
Փորձագետի խոսքով՝ այս խճանկարը հավաքելու դեպքում ստացվում է «rule of law»-ից (օրենքի կանոնը) և օրենքի առաջ բոլորի հավասար լինելուց հեռու մի պատկեր:
«Եվ ափսոս, անկեղծ ասած: Սակայն սա ահա սովորական դոցենտն է նսում և մտորում, կասկածում: Իսկ այժմ պատկերացնենք, թե ինչ է կատարվում վերնատան գլխին նստածների գլխում… Եվ մտածեք»,- եզրափակել է Մարկեդոնովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը