Առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ հանրությունը ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, հատկապես երկրի համար շատ կարևոր, վճռորոշ պահերին համախմբավծություն՝ անկախ նրանից, թե ով, ինչ դիրքորոշում ունի: Այսօր ամենավերջին բանը, որ պետք է անել դա տանը նստելն է: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ռեյտինգային ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Շատ կարևոր է կատարել քվեարկություն և գիտակցված ձայն տալ այն ուժին, որի հետ կապում եք երկրի ապագան, դա լինի իշխող ուժ, թե՝ դրան հակակշիռ, պարտադիր պետք է ձայնը տալ: Ես քվեարկել է այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, որովհետև դա ուղիղ ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում, իսկ պաշարված բերդում ներքին թշնամին ամենավատ բանն է, որ կարող է լինել: Մեզ պետք է ավելի ամուր, ավելի համախմբված, ավելի արագ տեմպերով զարգացող երկիր, մեր մարտահրավերները շատ մեծ են, իսկ ունեցած պաշարներն ավելի փոքր»:
Վիգեն Սարգսյանն ակնկալում է, որ այսօրվա քվեարկությունից հետո գոնե այն հարցերում, որոնք մեզ համար կենսական նշանակություն ունեն՝ անվանգություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, մենք կհենվենք գիտելիքի, փորձի հետևողականության վրա, և չենք անի քայլեր, որոնք կարող են թուլացնել մեր դիրքերը այս տարածաշրջանում:
Հարցին, թե ինչով է մտահոգ Հանրապետականը պատգամավորի թեկնածուն ասաց.
«Մենք վարչական լծակների վրա այս ընտրություններին հույս չենք դրել, կարճ ընտրարշավը մեծ հնարավորություններ չէր թողնում: Մենք հույս ունենք, որ մեր մտահոգություններն հասել են հասարակությանը և հույս ունենք, որ այդ հասարակությունը այսօր կվստահի մեզ, և կտա իր ձայնը այս հավասարակշռող կարևոր գործում»:
Վիգեն Սարգսյանը կարծում է, որ հանրությունը հնարավորություն ունեցավ լսելու իրենց դիրքորոշումները, կարծիքները. «Մենք բազմիցս նշել ենք մեր հայտարարությունների մեջ մեր մտահոգությունը ճնշումների հետ կապված թեկնածուների , վստահված անձանց և այլի մասին: Ես հույս ունեմ, որ քվեարկությունը կանցնի հանգիստ,իսկ ձայների հաշվարկը կանցնի թափանցիկ և հասկանալի մթնոլորտում, և առավոտյան կարթնանանք այն արդյունքներով, որոնք բոլորի համար ընդունելի են»:
Հարցին, թե կբողոքարկե՞ն ընտրության արդյունքները, պատգամավորի թեկնածուն ասաց, եթե տեսնենք բողոքարկելու հիմքեր կան՝ իհարկե:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ընտրություններին մասնակցելուն, Վիգեն Սարգսյանն ասաց. «Վստահ եմ։ Ինքն ակտիվ քաղաքացի է և վստահ եմ՝ կմասնակցի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը