Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում իշխանափոխությունից հետո չորրորդ անգամ աշխատանքային այցով Մոսկվայում է։ Սա առաջին այցն է, երբ նա լեգիտիմ կարգավիճակով է ՌԴ-ում, ոչ թե որպես պաշտոնակատար կամ «հայկական նոր առաջնորդ» ոչ պաշտոնական կարգավիճակով։ Փաշինյանի Մոսկվա այցը նաև առաջինն է նրանով, որ նա չի հանիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին գրում է Независимая газета-ն։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ բանակցություններ չեն նախատեսվում, Պուտինի ուրբաթը ծանրաբեռնված օր է։ Խոսնակը նաև ընդգծել էր, որ Պուտինը և Փաշինյանը «բավական հաճախ են հեռախոսով շփվում և հանդիպում»։
Ռուսական լրատվամիջոցը գրում է, որ համենայն դեպս, կան որոշակի պատճառներ ենթադրելու, որ Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն։ Ռուսական կողմը, լրատվամիջոցի աղբյուրի հաղորդմամբ, դեռևս բավարար չափով չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին։ Որոշ հայտարարություններ, մասնավորապես, Չինաստանի և Շվեդիայի հետ ռազմա-առևտրական հարաբերությունները հարթելու փորձերի մասին, իհարկե, չեն անտեսվել Մոսկվայում։ Վստահության մակարդակը չէին կարող բարձրացնել նաև ՌԴ-ին պատկանող տնտեսվարող օբյեկտների ստուգումները։ Էլ չասած քրեական գործերի հարուցումը նախկին պաշտոնյաների դեմ, ովքեր այս կամ այն չափով կապ ունեն ռուսական քաղաքական կամ բիզնես շրջանակների հետ։ Նրանցից առավել կարևորը կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանն է, ով, ինչպես ասում են, Պուտինի ընկերն է։
Ինչպես գրում է НГ-ն, Երևանը նույնպես հակընդդեմ պահանջներ ունի ռազմավարական գործընկերոջը։ Գլխավորը և ամենավիրավորականն Ադրբեջանին զենքի մատակարարումն է։ Նաև այս տարվանից գազի մատակարարման գնի աճը, որը ռուսական կողմի հետ լրացուցիչ բանակցություններից հետո չի վերաբերի բնակչությանը, Գյումրիում ռուսական ռազմական բազայի զինծառայողների մասնակցությամբ հաճախակի պատահարները։ Այս շարքին ավելանում է 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունների մասին ռուսական հեռուստալրագրողների՝ հայկական իշխանությունների կարծիքով ոչ օբյեկտիվ վավերագրական ֆիլմը։
«Այս ամենի համատեքստում Փաշինյանի՝ Մոսկվա այցի ծրագրում Պուտինի հետ բանակցությունների բացակայությունն անհանգստացնող երանգ է ստանում։ Հատկապես հայ հանրության ընկալմամբ, որն արդեն սկսում է հարցեր ունենալ հեղափոխությունից հետո կյանքի որակի բարելավման բացակայության վերաբերյալ։
Հայ առաջնորդի նկատմամբ թերահավատ վերաբերմունք ներշնչելու հարցում նշանակալի դեր ունի նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը։ Վարչապետի յուրաքանչյուր գործողություն, յուրաքանչյուր խոսք, հանդիպում մանրակրկտորեն զննվում է և ուղեկցվում որոշակի միտում ունեցող եզրահանգումներով և ենթադրություններով։ Վերջին օրերի համար մեկ թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի ոչ պաշոնական հանդիպումն է Դավոսում։
Փաշինյանը, ով տարընթերցումներից խուսափելու նպատակով սոցիալական կայքերում փորձում է բացատրել իր յուրաքանչյուր նկատելի գործողություն, հայտնել է, որ ադրբեջանցի առաջնորդի հետ ոչ մի հատուկ բան չի քննարկել։ Սակայն այդ հայտարարությամբ միայն նոր հարցեր առաջացրեց՝ ինչպե՞ս է հնարավոր ոչինչ չքննարկել մի հանդիպման ընթացքում, որը տևել է մեկուկես ժամ։ Նաև սվիններով ընդունվեց վարչապետի մեկ այլ հաղորդագրություն՝ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, որը կայացել է հունվարի 23-ին։ Փաշինյանն ասաց, որ զրույցը հայ-ամերիկյան հարաբերությունների մասին է եղել ոչ արցախյան խնդրի համատեքստում, ինչն ընդդիմադիրների շրջանակում թերահավատությամբ ընդունվեց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը