Պնդում եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, դատարանի դահլիճում լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Գրում է News.am-ը:
«Այն, ինչ պաշտպաններն են ասում, այն, ինչ հայրս է ասում, մենք բոլորս համամիտ ենք, այդ ամենը մենք տեսնում են և բազում փաստեր են եղել, որ ապացուցել են այդ ամենը»,–նշեց նա։ Հարցին՝ ի՞նչ փաստեր նկատի ունի, Լևոն Քոչարյանն արձագանքեց, որ ամենացայտունը՝ «Ուզես, չուզես կալանքը պետք ա տաս» ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի հատվածն է։
Լևոն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ Մարտի 1-ի իրադարձությունները վատ իրադարձություններ էին, սակայն շեշտեց՝ պատասխանատվության մասով պետք է նախ հասկանան, թե ով է սպանությունները կազմակերպել, ով է մեղավոր դրանում, բայց վերցնել այն սկզբունքը, թե մեկը պետք է պատասխան տա, սխալ է։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեն այսօրվա նիստից, որին նա պատասխանեց. «Նախ ակնկալում ենք, որ ապօրինի խափանման միջոցը կվերացնի դատարանը։ Սահմանադրական դատարանն էլ ցույց տվեց, որ դա ապօրինի էր»։
Լևոն Քոչարյանի խոսքով՝ վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է մայիսի 8-ին։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ մայիսի 13–ին մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել չորս նախկին պաշտոնյաներին, վերաբերվում է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածին, ավելի կոնկրետ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու դեպքին։ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործը հարուցվել է նախորդ տարվա հուլիսի 3-ին։
Այս գործով ներկայումս կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը