25 07 2019

Իշխանությունների վախերը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը. top-news.am

Իշխանությունների վախերը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը. top-news.am

Top-news.am-ը գրում է.

«Հեղափոխության» հաղթանակն ազդարարելուց ընդամենը շաբաթներ անց նորաթուխ իշխանություններն առանց ավելորդ ամաչկոտության մատնանշեցին, թե ով է լինելու իրենց թիվ մեկ հակառակորդը, թիրախը: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանափոխությունից ընդամենը երեք ամիս անց ապօրինաբար կալանավորվեց: Պարզ դարձավ, թե ով է այն տղամարդը, որից այդքան վախենում են նորաթուխ պաշտոնյաները:

Ողջախոհությունը, օրենքները, պետության շահը մի կողմ դնելով իշխանություններն ամեն կերպ փորձում են կալանքի տակ պահել Հայաստանի երկրորդ նախագահին: Ժամանակը, իհարկե, կտա այն հարցի պատասխանը, թե ինչու հենց Ռոբերտ Քոչարյանը, իսկ առայժմ ակնհայտ է այն, որ գործող կառավարիչներն իրենց ապահով և կոմֆորտ են զգում, երբ երկրորդ նախագահը կալանավորված է:

Նրանք Ռոբերտ Քոչարյանին ազատությունից երկար տարիներ զրկելու համար անգամ պատրաստ են գնալ դատավորների վեթինգի, Սահմանադրական դատարանի բռնազավթման, դատարանների շրջափակման, դատավորների դեմ քրգործ հարուցելուն:  

Հիմա էլ առաջին ատյանի դատարանն արդեն մեկ ամիս է ինչ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով դատական նիստ չի նշանակել։ Ընդամենը մի քանի օրվա հարցը արդեն ձգվում է շաբաթներ: Որքան ձգվում է այս հարցի քննարկումը, այնքան ավելի վառ են երևում իշխանությունների վախերը:

Իշխանության վախերի հետևանք է նաեւ աղաղակող այլ խախտումները: Մասնավորապես, բացարձակապես անհիմն կալանք է դրվել նաև Ռոբերտ Քոչարյանի որդիների հաշիվների վրա:

Տարօրինակ և անհասկանալի գործելաոճ է որդեգրել դատախազությունը: Ամեն կերպ ձգտելով դառնալ «ժողովրդի» դատախազություն, նրանք պատրաստ են ցանկացած անհեթեթ քայլի: Այսպես, անգամ, երբ դատարանը որոշեց, որ ՀՀ երկրորդ նախագահի գույքի վրա դրված կալանքն ապօրինի է, դատախազությունը միանգամից բողոքարկեց այդ որոշումը: Բողոքարկումն այնքան անհեթեթ և անհիմն էր, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազության բողոքը:

Այս ամենը Ռոբերտ Քոչարյանից ունեցած ՀՀ իշխանությունների տարատեսակ վախերի վկայություններն են: Եթե չլինեին այդ վախերը, ապա Ռոբերտ Քոչարյանը երեք անգամ կալանավորված չէր լինի, իսկ հիմա էլ կլիներ ազատության մեջ, և որ ամենակարևորն է, նրա նկատմամբ հարուցված քրեական գործն էլ կարճված կլիներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ