07 08 2019

Հանրայինին հորդորում ենք չցուցաբերել ակնհայտ կողմնակալություն․ «Մեդիա պաշտպան»

Հանրայինին հորդորում ենք չցուցաբերել ակնհայտ կողմնակալություն․ «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպանը» հաղորդում է․ «Հայաստանի Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 6-ի հիմնական «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ռեպորտաժում հիշեցնում են ՀՀ վարչապետի դիրքորոշումը ՍԴ-ի ու նրա նախագահի մասին, որը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հուլիսի 17-ին «Ազատությանը» տված հարցազրույցում։ Ռեպորտաժը կառուցվում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու հանգամանքների վրա, հղում են կատարում Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում հայտնի ելույթի որոշ դրվագներին, ապա արձանագրում են, որ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հեռանալ և որ ՍԴ-ում համարում են, որ ճգնաժամ չկա։ Ռեպորտաժում ՀՀ վարչապետի ու Վահե Գրիգորյանի դիրքորոշումներին հակառակ տեսակետ չի ներկայացվում։

 

 

Անմիջապես վերոնշյալ ռեպորտաժից հետո «ՍԴ-ի ճգնաժամի» թեմայի վերաբերյալ «Լուրեր»-ը հարցազրույց է վարում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, որն էլ իր հերթին 8 րոպեանոց հարցազրույցում մանրամասն խոսում է սահմանադրական փոփոխությունների, ՍԴ անդամների ու նախագահի լիազորությունների ժամկետների վերաբերյալ, ուշադրություն հրավիրում այն հանգամանքին, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել 2018թ․ ապրիլի 9-ի դրությամբ ՍԴ-ի կազմի ձևավորման գործընթացում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Հանրային հեռուստաընկերությանը, որը սնվում է հանրային միջոցներով, լրատվական բլոկում ապահովել համակողմանի տեղեկատվություն և չցուցաբերել ակնհայտ կողմնակալություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ