Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու համար ջանքերի ֆոնին միևնույն ժամանակ խլացվում են հայերի և այլ ազգերի ժառանգություն հանդիսացող մշակութային կոթողները: Այս մասին հունվարի 18-ին Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ իր ելույթի խոսքում նշեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«20-րդ դարի վերջին տեղի ունեցած ոճիրը թեպետ արձանագրվել և դատապարտվել է միջազգային հանարության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել և պատերազմի շեմին կանգնած ու սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայերնիքի հետ միասին իր ուսերին էր վերցրել ադրբեջանահայությանն ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը: ԱՀ ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին՝ իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացնող հայատյաց քաղաքականությունը»,- նշեց Աշոտ Ղուլյանը:
Արցախի ԱԺ նախագահը նաև հավելեց, որ ինչպես նախորդ տարիներին այսօր ևս վերահաստատում են, որ Արցախը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը