14 03 2020

Միայն այս մեթոդներով կարող ենք պայքարել կորոնավիրուսի դեմ. Էդմոն Մարուքյան

Միայն այս մեթոդներով կարող ենք պայքարել կորոնավիրուսի դեմ. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ կորոնավիրուսի հաղթահարմանն ու չտարածելու մեխանիզմներին:

Էդմոն Մարությանն ասաց, որ պետք է սահմանափակվի քաղաքացիների շարժը, հանդիպումները, պետք է փակվեն ժամանցի վայրերը:

«Այսօրվանից պետք է դառնանք շատ կարգապահ ազգ: Կա աշխարհի փորձը. այն երկրները, որոնք կարգապահ ձևով Չինաստանում, Սինգապուրում գործողություններ են իրականացրել առանց ձեռ առնելու, հումորների, նրանք հաղթել են համաճարակին: ՀՀ-ում պետք է գնանք նույն ճանապարհով:

«Ոչ թե պետք է տեսնելիս չբարևել, այլ չտեսնել իրար, խոսել սկայպով, շփվել ինտերնետի միջոցով, որովհետև տեսնելուց չբարևելը չի փրկում կորոնավիրուսից: Եթե հիվանդ եղավ մարդը, մեկ մետր հեռավորության վրա լինի, շատ հնարավոր է, որ լինի վարակում:

Թատրոններ, համերգներ, ներկայացումներ, բոլորը պետք է դադարեցնել, և պետությունը պետք է միջամտի, արգելի: Մարդ կա, զանգել է, հարցնում է, պետությունն արգելե՞լ է հարսանիքները: Ես ասում եմ՝ մի արեք հարսանիք, հետաձգեք: Բայց մարդն ուզում է, որ պետությունն ասի՝ հարսանիք մի արեք, որ ինքն էլ ասի պետությունը չի թողնում ու չանի: Պետական մոտեցումը շատ կարևոր է:

Ինչ վերաբերում է հուղարկավորություններին, ապա խետք է շատ քիչ մարդկանցով գնալ ու դա անել, նման տեղերում հավաքվելիս իրարից հեռու կանգնել: Սրճարաններ, ռեստորաններ պետք է փակվեն: Իտալիայում դրա չփակվելու հետևանքն է եղել կորոնավիրուսի տարածումը, դպրոցները փակել են, ժամանցի վայրերը՝ ոչ:

Հասարակական տրանսպորտը վարակի տարածման ամենահիմնական միջոցն է: Պետք է տարբերակ գտնել և հասարակական տրանսպորտի շարժը հնարավորինս սահմանափակել, քիչ լինի քաղաքացիների շարժը: Պետք է գործեն միայն խանութները, դեղատները և շրջեն այն մեքենաները, որոնք սնունդ են ապահովում այդ խանութներին ու դեղատներին: Մարդիկ պետք է գնան խանութներից սնունդ առնեն, բերեն տուն առանց շփումների: Համաճարակի դեմ կարելի է պայքարել միայն այս մեթոդներով: Պետք է 14 օր մտնել այս ռեժիմի մեջ, ով հիվանդա բուժել այս ռեժիմի մեջ ու կանխել տարածումը»,-ասաց Մարուքյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ