«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արտակարգ դրության օրերին քաղաքացիների տեղաշարժը հսկելու նպատակով հեռախոսները վերահսկելու մասին օրինագծի ընդունումն ԱԺ-ի կողմից մերժելուն:
Հիշեցնենք, որ քննադատության արժանացած նախագիծն այսօր խորհրդարանում չստացավ բավարար քանակությամբ ձայներ: Ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, կողմ քվեարկեցին միայն «Իմ քայլի»՝ դահլիճում ներկա 65 պատգամավորները:
Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, Լուսավոր Հայաստան և Բարգավաճ Հայաստան խմբակցությունների ջանքերով, տապալվեց։
Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը և անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։
Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը