17 06 2021

2 տարում 3-4 մարդ են փոխել, ոչ մեկը համակարգից չէր․ իրենք չեն հասկանում՝ ոնց է պետական մեքենան աշխատում․ Քոչարյան



Հայաստանում մի ժամանակ այնպիսի իրավիճակ էր պետական համակարգում, երբ անձը, նախարար նշանակվելիս, կարող էր այդ կառույցի 70 տոկոսը ազատել և բերել իր թիմը։ Կառույցը չէր կարողանում պահել իր ինստիտուցիոնալ հիշողությունը, ինչը մեծ խնդիր էր առաջացնում պետական կառավարման համակարգում։ Այս մասին այսօր Գավառում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք տարանջատում մտցրեցինք․ քաղաքական պաշտոնը զբաղեցնում էր նախարարը, հայեցողականը՝ օգնականներն ու խորհրդականները, որոնց նա կարող է բերել, և պետական ծառայողներ, որոնք պետք է պաշտպանեն պետության շահերը՝ ազգային բյուրոկրատիան։ Բոլոր զարգացած երկրները հետևում են այս օրինակին։ Ամեն մի պաշտոն ուներ իր անձնագիրը՝ կրթություն, ստաժ, գիտելիքներ, ատեստացիա։ Սա լրջագույն համակարգ էր, որն ինձանից հետո սկսեց կորոզիայի ենթարկվել, իսկ վերջին երեք տարվա ընթացքում ընդհանրապես քանդվեց», - նկատեց նախագահը։

Ռոբերտ Քոչարյանը նաև անդրադարձավ անփորձ ԱԱԾ պետեր ոստիկանապետեր  նշանակելուն․

«2 տարում 3-4 մարդ են փոխել, ոչ մեկը համակարգից չէր։ Եվ համակարգը ըմբոստանում էր։ Միանգամից 20 տարի ծառայած գնդապետի գլխին նստում է  ուսադիր չունեցող մեկը և հանձնարարականներ տալիս։ Ոնց որ հանձնարարականներով գնդապետին չափալախ տաս։ Այս ճգնաժամը մեր կառավարման ճգնաժամից է գալիս, որովհետև մարդիկ չեն հասկանում՝ ինչ պետությունը և ոնց է այս պետական մեքենան աշխատում»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ