Կարող է թվալ, թե կարկառուն քպ-ական Միրզոյան Արարատին ԱԳ նախարար նշանակելը հանգուցալուծում է այն աննորմալ իրավիճակը, երբ ամիսներ շարունակ Հայաստանը գործնականում չուներ ԱԳ նախարարություն: Բայց դա միայն թվացյալ պահ է: Բանն այն է, որ ԱԳ նախարարությունը, որպես պետական առանցքային կառույց, կադրաթափ է եղել, իսկ հիմա, առավել ևս, հազիվ թե որևէ ինքնահարգանք ունեցող պրոֆեսիոնալ ցանկանա աշխատել նիկոլական ԱԳՆ-ում, առավել ևս՝ Արարատ Միրզոյանի նման վարկաբեկված անձնավորության ենթակայությամբ:
Ի դեպ, հատկանշական է, որ Միրզոյան Արարատին ԱԳՆ տանելուն զուգահեռ, Նիկոլը ԱԽՔ-ի պաշտոնին վերադարձրեց իր մեկ այլ կարկառուն կադրի՝ Արմեն Գրիգորյանին, ով մոտ մեկ ամիս ԱԳ նախարարացուի դերում էր, որպես առաջին տեղակալ: Այնպիսի տպավորություն է, որ տվյալ քպ-ական գործիչը, ում հրապարակային հայտարարությունները բավարար կլինեին որևէ նորմալ երկրում նրան պետական ոչ մի պաշտոն չվստահելու համար, մեկ ամսով գործուղվել էր ԱԳՆ, որպես «բնկալ» կամ «տեղապահ», իսկ հիմա, երբ Նիկոլը վերջապես կողմնորոշվեց նախարարացուի հարցում, գործուղումից վերադառնում է իր «դիրքը»: Ի վերջո, ինչ-ինչ շրջանակների խիստ անհրաժեշտ է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ բոլոր կառույցներից ստացվող գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու հնարավորություն տվող դիրքում լինի «իրենց մարդը»: Ըստ երևույթին՝ Արմեն Գրիգորյանը հենց այդ «յուրայինն» է:
Ինչ վերաբերում է նորանշանակ ԱԳ նախարարին, ապա նա հանրությանը նախքան թավշյա հեղաշրջումը հայտնի էր որպես Ռուսաստանի դեսպանատան դեմ ագրեսիվ ցույցեր անող, ապա ՀՀ ԱԺ դահլիճում ֆուտբոլաֆանատային «ֆայեր» զմփացնող, հեղաշրջումից հետո դարձավ նախարար, հետո ԱԺ նախագահ...
Կապիտուլյացիոն հայտարարության ստորագրմանը հաջորդած ժամերին Արարատ Միրզոյանի համար Նիկոլն, ամենայն հավանականությամբ, նախատեսել էր «էշ նահատակի» դերը, հակառակ պարագայում նրան անպաշտպան վիճակում «գիշերվա հազարին» չէին թողնի ԱԺ-ում, որ մի հատ էլ հարձակման ենթարկվեր:
Թվում էր, թե այդ «հարձակման դեպքից» հետո Արարատ Միրզոյանի ու նրա թելքաշ շեֆի ջրերն սկսեցին հոսել այլ առուներով: Սկզբունքորեն, չի բացառվում:
Բայց դրանից առաջ մեկ այլ սկանդալային պատմություն ասպարեզ նետվեց, ու Արարատ Միրզոյանի անունը բավականին տևական շրջան հոլովվում էր որպես նախ թուրքական հետախուզության կողմից հավաքագրված լրտես, ապա ՀՀ ԱԱԾ կողմից վերահավաքագրված կրկնակի լրտես լինելու մասին Վատիկանում ՀՀ նախկին դեսպանի հայտարարության հետ կապված: Կհիշեք այդ հայտարարությունը, ինչպես նաև այն, որ դրանում որպես կրկնակի գործակալ նշվող Արարատ Միրզոյանը հիշատակվում էր «օմեգա» ծածկանվամբ:
Թե ով ինչ պարզեց Միքայել Մինասյանի այդ հայտարարությունների հետ կապված, անհայտ է: Փոխարենը հայտնի է, որ այդ խայտառակ հանգամանքների վերաբերյալ ոչ մեկը ոչ մի համոզիչ հերքում կամ հակա-հայտարարություն չարեց: Իբր՝ ձայն մի հանեք, ինքն իրեն կանցնի՝ կգնա, կմոռանան:
Համենայն դեպս, նման սկանդալը հուշում էր, որ Արարատ Միրզոյանը իսկը այն ԱԳ նախարարացուն է, որը կարող է ունենալ քվազի (քվազի՝ կեղծ, կարծեցյալ) պետության վերածված նիկոլական Հայաստանը: Ի՛սկը: Քվազի պետության «ալֆայի» «օմեգան»:
Ի դեպ, Նիկոլի այդքան չսիրած «Կնքահայրը» կինոեռագրության մեջ (դե այդ կինոյում դավաճաններին անխնա սպանում են, դրա համար էլ երևի նա չի հավանում այդ ստեղծագործությունը) կնքահայր դարձած Մայքլ Կոռլեոնեն երկրորդ մասում անում է մի արտահայտություն, որը վերագրվում է ինչպես Սուն Ցզիին («Պատերազմի արվեստը»), այնպես էլ Մաքիավելլիին՝ «Ընկերներին մոտիկ պահիր, իսկ թշնամիներին՝ ավելի մոտ»:
Հիմա կարծես Նիկոլինն է. նա Արարատ Միրզոյանին մոտիկ է որոշել պահել՝ դարձնելով իր արտաքին-քաղաքական անոմալ կապիզների գլխավոր հանձնակատար: Հարց է մնում. Միրզոյան Արարատին Նիկոլը ընկե՞ր է համարում, թե՞ թշնամի: Չնայած, ԱԳ նախարարի պաշտոնի չափազանց մոտ լինելը կարծես հուշում է ենթադրելի պատասխան:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը