Հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում ունեցած ելույթից․
Այսօր այստեղ ենք մի շարք կարևոր հարցերի պատասխանելու, որոշումներ ընդունելու համար։ Միասին։
Այդ որոշումները պետք է ապահովեն մեր Շարժման հետագա ընթացքը, զարգացումը, նպատակների վերջնական իրագործումը։ Նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումը և Հայաստանի թուրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ դրան հասնելու համար նախ պետք է հեռացնել չարիքի իշխանությանը, ձևավորել ազգային իշխանություն, որը կկասեցնի պետականության կործանման այս ընթացքը, որը կապահովի երկրի սահմանների անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, պետականությունը կվերադարձնի ժողովրդին, Հայաստանը կդարձնի արժանապատիվ և բարեկեցիկ երկիր: Ուստի շարժման նպատակը և առաքելությունը սրբազան են, ու քանի դեռ վերը նշված հարցերը չեն լուծվել, շարժումը դադար չունի:
Բայց սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչ ունենք այս փուլում, որտեղ ենք հասել, ինչ բացթողումներ և ձեռքբերումներ կան, որոնք են ստեղծված իրավիճակի առանձնահատկությունները։
Սիրելի՛ հայրենակիցներ, կարևոր է հասկանալ, թե այս ընթացքում ինչ է արել այս հրապարակում կանգնած յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի։ Ես այստեղ ուզում եմ շատ անկեղծ լինել։
2021թ. ընտրություններից հետո Հայաստանում ստեղծվել էր մի վիճակ, երբ երկրի գլխավոր պաշտոնը զբաղեցնող անձը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից շարունակ նվաստացնում էր Հայաստանն ու Արցախը, նվաստացնում էր հայ մարդուն, բայց դրան չէր հետևում հանրային արձագանք, ավելին` նա ասում էր, որ դրա համար ժողովրդից մանդատ ունի:
Մենք ունեինք մի վիճակ, երբ միջազգային գործընկերները կարծում էին, թե Հայաստանում վարվող քաղաքականության հանդեպ չկա դիմադրություն։
Մենք ունեինք մի վիճակ, երբ Հայաստանից լսվում էր միայն ամոթի և պարտության ձայնը։
Եվ ի՞նչ ունեցանք մենք հիմա, մեր այս օրերի արձանագրած արդյունքները՝
Մի կարևոր ձեռքբերում ևս, որի մասին քիչ ենք խոսում։ Սիրելի՛ հայրենակիցներ, այս բոլոր օրերի ընթացքում, հենց այս հրապարակում, մեր աչքի առաջ, մեր ակտիվ մասնակցությամբ, ձեր նվիրվածության և կամքի շնորհիվ ձևավորվում և բյուրեղանում է ազգային ու պետական կորիզը։ Այս կորիզը դառնալու է նոր որակի հայկական պետականության հիմքը, այս կորիզը դառնալու է մեր պետության իմունիտետը, որը պաշտպանելու է մեզ ամեն տեսակ վարակներից ու հիվանդություններից։
Սիրելի՛ հայրենակիցներ, սրանք բոլորը ձեր ձեռքբերումներն են։ Ձեզանից յուրաքանչյուրն իր հավատով, նվիրվածությամբ, պայքարի ոգով, ինքնազոհաբերությամբ ու վճռականությամբ իրավիճակ փոխեց ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, աշխարհասփյուռ հայերի շրջանում։ Սա մեծ աշխատանք է, որ մենք միասին արել ենք ու դեռ շարունակելու ենք և կրկնապատկելու, մինչև մեր հաղթական ավարտը։
Սակայն մեր գլխավոր խնդիրը շարունակում է մնալ չլուծված։ Հայաստանը դեռևս ղեկավարում է մեր բոլորի համար գոյաբանական վտանգ ներկայացնողը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը