30 06 2022

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չկա. Ռուբեն Ռուբինյան

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց չկա. Ռուբեն Ռուբինյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստանն ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը՝ արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի կառուցողականությունից և քաղաքական կամքից։ Ինչպես տեսնում եք՝ մինչև այս պահն առանձնապես մեծ առաջընթաց չկա, դա տեսանելի է», - ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, թե սահմանային վերասահմանազատման հարց չի քննարկվում, քննարկումներում այդպիսի հարց չկա։

Պատգամավորի խոսքով՝ մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ։

«Նման գործընթացներում ամենակարևոր գործընթացը քաղաքական կամքն է, եթե այն կա, մնացածը շատ հեշտ լուծվող հարցեր են» - ասաց Ռուբինյանը։

Դիտարկմանը, թե Թուրքիայի իշխանությունները շարունակում են «Զանգեզուրի միջանցքի» թեման շրջանառել, Ռուբինյանը պատասխանեց, որ նման հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում գործընթացին։ Ավելին`դրանք խանգարում են հարաբերությունների կարգավորմանը։

Նա շեշտեց, որ «Զանգեզուրի միջանցք» հասկացություն չկա օրակարգում, ինչպես նաև Լաչինի միջանցքի, և Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհի կարգավիճակի մասով որևէ նմանություն չի կարող լինել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ