09 07 2022

Էլեն Ասատրյանը հաղթանակ է տարել Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում

Էլեն Ասատրյանը հաղթանակ է տարել Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններում

Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ՝ ութ թեկնածուներից բաղկացած ընտրապայքարում զբաղեցնելով երկրորդ տեղը և դառնալով քաղաքի առաջին ներգաղթյալը, առաջին հայ և ամենաերիտասարդ կինը, ով ընտրվել է խորհրդի անդամ։ Երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 08։00-ին Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի պալատում։
39-ամյա Էլեն Ասատրյանը ստացել է ընդհանուր 13,165 ձայն՝ մեծ տարբերությամբ շրջանցելով նախկին քաղաքապետեր Արա Նաջարյանին և Վրեժ Աղաջանյանին և գերազանցել է պատմական ռեկորդը Գլենդելում՝ որպես նորեկ առանց բաց մանդատների մրցավազքում հավաքելով ավելի շատ ձայներ, քան երկու գործող խորհրդի անդամները։
«Հարավից հյուսիս և արևելքից արևմուտք գլենդալցիները մեր առջև բացեցին իրենց տները, փոքր բիզնեսներն ու սրտերը, քանի որ մենք կիսում ենք նույն տեսլականն ու հույսը մեր «Զարդ» քաղաքի ապագայի նկատմամբ: Ես երախտապարտ եմ ձեր հավատի և վստահության, ինչպես նաև հսկայական աջակցության համար, որպեսզի քաղաքապետարանում լինեմ ձեր ձայնը։ Ինձ համար պատիվ է վաստակել այս տեղը, քանի որ այն ինձ թույլ կտա ներկայացնել այն մարդկանց հրաշալի խճանկարը, ովքեր կազմում են Գլենդելը:
Մենք նոր պատմություն ենք գրում Գլենդելի համար՝ քաջության և կարեկցանքի ուժով: Մենք կշարունակենք միասին աշխատել՝ կառուցելու քաղաք, որը ծառայում է բոլորիս, և քաղաքապետարան, որն իսկապես ժողովրդի տունն է։ Մեր բնակիչները և փոքր բիզնեսները կստանան իրենց անհրաժեշտ և արժանի աջակցությունը, քանի որ մենք ակտիվորեն հաղթահարում ենք բազմաթիվ մարտահրավերներ: Ես անհամբեր սպասում եմ Գլենդելը ապրելու և աշխատելու համար օրինակելի քաղաք դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների իրագործմանը:
Գլենդելի համար Էլեն Ասատրյանի առաջնահերթություններից են՝ խելացի զարգացում, որը ներառում է կանաչ տարածքներ, մատչելի բնակարաններ, կայունություն, արվեստ և քայլելու համար անվտանգ փողոցներ, փոքր բիզնեսի վերականգնում և աջակցություն, թույլտվության անարդյունավետ և ծախսատար գործընթացների վերանայում, դինամիկ արվեստների, երաժշտության և մշակույթի խթանում, երիտասարդների ձայնը լսելի դարձնել հանձնաժողովներում, քաղաքացիների էթիկայի հանձնաժողով, համայնքային իրազեկում, որը ներգրավում է բոլոր բնակիչներին, ինչպես նաև աշխատուժի ձևավորում, որն արտացոլում է այն տարբեր համայնքները, որոնց ծառայում է:
Հայաստանում ծնված Էլեն Ասատրյանը 10 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Գլենդել և սովորել Columbus տարրական, Toll միջնակարգ և Herbert Hoover ավագ դպրոցներում։ Նա իր հետ քաղաքային խորհուրդ է բերում Գլենդելի համայնքին և դրանից դուրս ավելի քան երկու տասնամյակ ծառայելու փորձը, ինչպես նաև քաղաքականության, շահերի պաշտպանության և հասարակական գործերի բնագավառում իր մասնագիտական փորձը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ