14 07 2022

Թշնամին հեռու է ընդամենը 3 կիլոմետրով․ Եվս մեկ գյուղ ճանչվեց սահմանամերձ

Թշնամին հեռու է ընդամենը 3 կիլոմետրով․ Եվս մեկ գյուղ ճանչվեց սահմանամերձ

Կառավարությունը այսօրվա՝ հուլիսի 14-ի չզեկուցվող հարցերից մեկով որոշեց Սյունիքի մարզի Վարդավանք գյուղն ավելացնել սահմանամերձ բնակավայրերի ցանկում, որպեսզի ստանան սոցաջակցություն։

Նպատակը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթների տարածումն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով փաստացի սահմանամերձ դարձած ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վարդավանք բնակավայրի բնակիչների վրա:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի մի շարք շրջաններ անցել են Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, որի արդյունքում ՀՀ մի շարք բնակավայրեր դարձել են փաստացի սահմանամերձ: Այդ կապակցությամբ որոշման N1 հավելվածով նախատեսված սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ներառվել են նաև Սյունիքի մարզի 37 բնակավայրեր։

Վարդավանք բնակավայրը գտնվում է սահմանից 3,2 կմ հեռավորության վրա և դիտարկվում է հակառակորդի զինված ուժերի կողմից, սակայն ընդգրկված չէ վերը նշված ցանկում։

Հաշվի առնելով նշված բնակավայրի տեղադիրքը, գյուղատնտեսական նշանակության հողատարածքների հեռավորությունը սահմանից (առաջնագծից) և կարևորելով ազգաբնակչության արդարացի պահանջը, առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1444-Ն որոշմամբ սահմանված՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկում ընդգրկել նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վարդավանք բնակավայրը:

Այսպիսով, Վարդավանք բնակավայրի ընտանիքներին անշարժ գույքի հարկի, բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի նկատմամբ Որոշմամբ տրվող արտոնություններ կտրամադրվեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ