28 07 2022

Նոր հիմնադրամ՝ ուղղված համախմբելու աշխարհասփյուռ հայ մարզիկներին



2021 թվականին ԱՄՆ-ում Ռոման Մուրադյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամը: Հիմնադրամի գործունեությունը միտված է համախմբելու աշխարհասփյուռ հայ մարզիկներին: Հիմնադրամի կարևորագույն նպատակներից է՝ հայրենիքում բարձրացնել համաշխարհային ճանաչում ունեցող հայ մարզիկների ճանաչելիությունը, նպաստել նրանց հեղինակության և համբավի տարածմանը:

«Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի կարևորագույն նպատակներից է նաև՝ աջակցել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:

«Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում լավագույն ուսանողներին պարգևատրում ենք՝ դրամական պարգևներ Ալբերտ Ազարյանի, Արթուր Ալեքսանյանի, Արթուր Աբրահամի, Ստեփան Սարգսյանի, Յուրի Բաբայանի.. .Յոթ անվանակարգ կա։ Տղաները ստանում են, երիտասարդները ոգևորվում։ Նպատակը այն է, որ իրենք էլ դառնան ազարյաններ, ալեքսանյաններ»,- նշում է հիմնադրամի հիմնադիրը։

Այս տարի ԱՄՆ-ում «Մուրադյան և ընկերներ» հիմնադրամի նախագահ Ռոման Մուրադյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մեծարման երեկո, որի շրջանակում անվանական հուշամեդալներ, սերտիֆիկատներ և դրամական պարգևներ հանձնվեցին աշխարհում Հայաստանի դրոշը բարձր պահած մարզիկներ՝ Մալխաս Ամոյանին, Ազատ Հովհաննիսյանին, Էրիկ Պետրոսյանին, Գուրգեն Հովհաննիսյանին, Մակսիմ Մանուկյանին եւ Վալոդյա Ֆրանգուլյանին։ Երեկոյին ներկա էին մարզաշխարհի տարբեր ներկայացուցիչներ, հիմնադրամի գործունեության աջակիցներ և ընկերներ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ